Ֆրանսիային անհրաժեշտ է կրճատել ծախսերը, դեֆիցիտը, բարելավել մրցունակությունը, որպեսզի կրկին վերադառնա տնտեսական աճին: Այս մասին, ըստ «Ռոսբալտի», Մադրիդում Իսպանիայի վարչապետ Մարյանո Ռահոեմի հետ համատեղ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հավելելով, որ եկել է «առանց հապաղելու շատ բան փոխելու» ժամանակը:
Նա նաեւ նշել է, որ Եվրոպային սպառնում է «աննախադեպ ճգնաժամ»: Սարկոզին մտադիր է նոր բարեփոխումներ սկսել հունվարի վերջից եւ դրանք կյանքի կոչել արհմիությունների եւ գործատուների հետ բանակցություններից անմիջապես հետո:
«Ֆրանսիացիները պետք է հասկանան, որ մենք առանց հապաղելու պետք է շատ կարեւոր որոշումներ կայացնենք: Ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն երկրի բարեփոխմանն ուղղված համատեղ ջանքերով»,- ասել է Սարկոզին, հաղորդում է Reuters-ը:




























