Ռուսական «Ֆոբոս Գրունտ» կայանը, որը չկարողացավ հասնել Մարս, կարող է ընկած լինել ամերիկայն ռադարի ազդեցության տակ: Ռուսաստանի հրթիռատիեզերական արդյունաբերության աղբյուրը չի բացառում, որ ռադարի ճառագայթումը ջախջախիչ վնաս է հասցրել «Ֆոբոսի» էլեկտրոնիկային:
«Այժմ մասնագետները դիտարկում են ֆիզիկական ձախողման կամ «Ֆոբոս Գրունտ»-ի սնուցման համակարգի կարճ միացման տարբերակը: Դրանից բացի այլ տարբերակներ էլ կան, որը կապված է կայանի վրա արտաքին ազդեցության հետ»,- հայտնել է աղբյուրը «Կոմերսանտ» թերթին:
Հավանաբար, տիեզերական կայանն ընկել է ամերիկյան ռադարի ազդեցության գոտում: Այդ պահին նա աստղակերմերին էր հետեւում: Ըստ աղբյուրի տվյալների` չի բացառվում, որ կայանը պատահաբար է հայտնվել ռադարի ազդեցության գոտում:
Հիշեցնենք, որ «Ֆոբոս Գրունտ»-ը հեռացել էր Բայկանուր տիեզերակայանից նոյեմբերի 9-ին: Նա պետք է հասներ Ֆոբոս եւ նրա մակերեւույթից հողի նմուշներ վերցներ: Սակայն հրթիռակրից զատվելուց հետո սարքի շարժիչները չեն աշխատել եւ այն կախվել է ուղեծրում: Երեկ կայանի մասերն ընկել են Խաղաղ օվկիանոսը:
Իր հոդվածներից մեկում Ռուսկոսմոսի նախագահ Վլադիմիր Պոպովկինը չի բացառել նաեւ արտաքին ազդեցության հնարավորությունը : «Ոչ մեկին մեղադրել չենք ցանկանում, բայց այսօր կան տիեզերական սարքերի վրա կիրառվող ազդեցության շատ հզոր միջոցներ, որոնք չի կարելի բացառել», - հայտարարել է նա:
Վթարի պատճառները հետաքննող հանձնաժողովը մի քանի վարկածներ է ուսումնասիրում: Վերջնական եզրահանգումները կհրապարակվեն հունվարի 20-ին:




























