Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հուլիսի 14-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀՅԴ «Դաշնակցության» անդամների, արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործերն ուղղված են նրան, որ իշխանությունները մեկուսացնեն այն մարդկանց, ովքեր կարող են դիմադրություն ցույց տալ Մայր Աթոռի վրա հարձակումների ժամանակ։

Հարությունյանը նշել է, որ «Կարապետյանի դեպքում նպատակը նաև գործարարներին վախեցնելն է»։

Փաստաբանը չի բացառել, որ իշխանություններն այս գործողություններով նաև փորձում են շեղել հասարակության ուշադրությունը միջազգային ասպարեզում որոշակի փաստաթղթերի հնարավոր ստորագրումից։ Նրա գնահատմամբ՝ ՀՅԴ «Դաշնակցության» անդամներին ձերբակալել են նախապես պատրաստված անձանց ցուցակով։ Այդ ցուցակում եղել են այն անձինք ովքեր իրենց մոտ ունեցել են օրինական կերպով ձեռք բերված զենք։

«Ձերբակալված անձանց մոտ հայտնաբերված ամբողջ զենքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով՝ բացի մեկ նռնակից։ Եվ դա չի կարող հիմք դառնալ՝ մի խումբ անձանց ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածելու համար։ Ընդ որում, ավելի վաղ իշխանությունները հեշտացրել էին զենքի գնման ընթացակարգը», - հիշեցրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Հարությունյանը չի բացառել, որ իշխանություններն ունեն ևս մեկ ցուցակ, որը ապագայում անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել և հայտարարել, որ այս կամ այն մարդիկ իբր պատրաստվում են ահաբեկչություն կատարել։

«Ակնհայտ է, որ սրանք քաղաքական հետապնդումների վառ օրինակներ են։ Այս ամենը պլանավորվել և ուղղված է եղել հոգևորականների, Մայր Աթոռի և ՀՅԴ «Դաշնակցության» դեմ։

Ավելի վաղ խորհրդարանական մեծամասնությունն ընդունել է հայտարարություն, որը գործողության ցուցում է դարձել ուժայինների համար։ Բացի այդ, հաճախ Հայաստանի վարչապետի այս կամ այն հայտարարություններից հետո մարդկանց ձերբակալում են։ Սա ցուցում է՝ լինի դա ուղղակի, թե անուղղակի։ Նույնը վերաբերում է Ազատ գյուղում 15 զինծառայողի զոհվելու գործին։

«Անգամ դատավորին են ձերբակալել անցանկալի որոշման համար։ Նման պայմաններում իրավապահ համակարգը վերածվում է ռեպրեսիվ մեքենայի, ընդհանուր առմամբ վարվում է բնակչությանը վախեցնելու քաղաքականություն։ Հայաստանում տիրում է բռնապետություն», - հավելել է փաստաբանը։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ ՀՅԴ-ի դեմ հարուցված գործի շրջանակներում իրավապահները ձգձգել են փաստաբանների մուտքը դեպի ոստիկանության կամ քննչական բաժանմունքներ՝ այդպիսով հոգեբանական ճնշում գործադրելով այն երիտասարդների վրա, ովքեր սպասում էին իրենց փաստաբաններին։

«Ամբողջ գործընթացն ուղղված էր նրան, որ ի վերջո սա կապվի ՀՅԴ «Դաշնակցության» հետ, որից հետո նրանց մեղադրել են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Նման պայմաններում այն փաստաբանները, որոնք ներգրավված են քաղաքական գործերով քաղաքացիների պաշտպանության մեջ՝ չեն կարող արդյունավետ կերպով պաշտպանել իրենց հաճախորդներին։»

Հարությունյանը, ով նաև «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի փաստաբանն է, նշել է, որ նրա գործով ներկայացվել է 16 անձի ձերբակալման միջնորդություն և բոլորն ի վերջո ձերբակալվել են՝ առանց դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ փաստաբանի բողոքը հաշվի առնելու։ «Արդեն նախապես ամեն ինչ կանխորոշված է, հայտնի է, թե որ դատավորի մոտ կկնքվի կոնկրետ գործը», - եզրափակել է փաստաբանը։

Մյուս փաստաբան Մանուշ Եսայանը ևս հայտարարել է, որ իրեն նույնպես թույլ չեն տվել մուտք գործել պաշտպանյալի մոտ և նա կարողացել է իրավական օգնություն ցուցաբերել միայն բազմաթիվ բողոքներից հետո։

Նրա խոսքով՝ պայքար է մղվում այն մարդկանց դեմ, ովքեր Հայ Առաքելական եկեղեցին, Արցախը և այլ տարրեր ազգային գաղափարներ են համարում։ Դա արվում է նրանց լռեցնելու նպատակով։ Եսայանը վստահություն է հայտնել, որ հնարավոր չէ ազգայնացնել Հայաստանի էլեկտրական ցանցերը կամ փակել ՀՅԴ-ն՝ ներկայացված իրավական հիմքերով։ «Բայց եթե առաջնորդվել քաղաքական ցուցումներով, ապա հնարավոր է։ Փաստաբանների նպատակը ներկա պայմաններում այն է, որ ձգձգեն այս գործընթացը և փաստարկներ հավաքեն, որպեսզի ապագայում հնարավոր լինի ցույց տալ, որ պետությունը գործել է անօրինական կերպով», - եզրափակել է փաստաբանը։