ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 («Արագաշարժ ոգի 2025») զորավարժությունները կանցկացվեն Վրաստանում՝ հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանում կանցկացվեն Agile Spirit 2025 բազմազգ միջազգային զորավարժություններ։ Վրաստանը զորավարժությունները կընդունի 12-րդ անգամ։ Agile Spirit 2025-ը նպատակ ունի բարձրացնել մասնակից երկրների պաշտպանական ուժերի մարտունակության մակարդակը, ամրապնդել փոխգործակցությունը և օպերատիվ հնարավորությունները», - ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ զորավարժությունների հիմնական բաղադրիչները կլինեն հրամանատարաշտաբային մասը, Սենակ–Վազիանի ճանապարհահատվածում վրաց-ամերիկյան տակտիկական շարասյունը, կրակային վարժանքներով համակցված մարզումները, հատուկ գործողությունների ուժերի համատեղ գործողությունները և Վրաստանի պաշտպանության ուժերի մարտական պատրաստության կենտրոնի ստուգումը։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Agile Spirit 2025 զորավարժությունները կանցկացվեն Վրաստանում և Թուրքիայում։ Վրաստանում նախատեսված զորավարժությունները կիրականացվեն Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության և ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի հետ համատեղ։ Դրանց կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։ Հայաստանի և Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն որպես դիտորդներ։





























