Սիրայի եւ Իրանի շուրջ լարվածության աճի հետեւանքով այդ երկրների հայ համայնքի ներկայացուցիչները սկսել են հետաքրքրություն դրսեւորել Հայաստանի նկատմամբ, ու հնարավորության դեպքում` ձեռք են բերում անշարժ գույք: Այդ մասին այսօր` հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Նրա խոսքով` իրանահայերը միշտ էլ հետաքրքրություն են դրսեւորել Հայաստանի նկատմամբ, քանի որ մեր երկրում կյանքի ազատության մակարդակն ավելի բարձր է:

«Բոլոր այն օջախներում, որտեղ լարվածություն կա, մարդիկ արագացնում են իրենց գործողությունները Հայաստանի հետ»,- ասաց Հ. Բաղդասարյանը: Նրա տեղեկացմամբ` ներկայում անշարժ գույքի շուկայի գործարքների 10-15 %-ը իրականացվում է հենց այդ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Ընդ որում` մեր հայրենակիցները հիմնականում նախընտրում են Երեւանը:

Ըստ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի` ֆորսմաժորային իրավիճակների դեպքում  Իրանի բնակիչների համար Հայաստան մեկնելն ավելի հարմար է, քանի որ եւ մուտք գործելն է հեշտ, եւ անշարժ գույքի գներն են ցածր (համեմատ Եվրոպայի): Եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականության խստացման հետեւանքով չի բացառվում նաեւ, որ սիրիահայերը հիմնականում նախընտրեն ոչ թե Եվրոպան, այլ Հայաստանը (եթե իհարկե Սիրիայում իրավիճակը կտրուկ ապակայունանա):

Գ. Մակարյանի կանխատեսմամբ` առաջիկա ամիսներին Երեւանում անշարժ գույքի գները կնվազեն` կապված ընտրությունների հետ, քանի որ ընտրական գործընթացների ժամանակ երկրում տեղի է ունենում գործարար ակտիվության նվազում: