Բրիտանացի ոստիկանը մերձքաղաքային գնացքում մոռացել է փաստաթղթերով լի թղթապանակը, որոնցում նկարագրված են եղել 2012 թվականին Լոնդոնում անցկացվելիք ամառային Օլիմպիադայի անվտանգության միջոցառումների ապահովման ծրագրերը: Գաղտնի նյութերով թղթապանակը գտել է ուղեւորներից մեկը, բայց այն տարել է ոչ թե ոստիկանություն, այլ The Sun թերթի խմբագրություն:
Լրագրողներն, իհարկե, թղթապանակը ոստիկանությանն են փոխանցել, բայց նրանք չէին կարող չծանոթանալ թղթապանակի բովանդակության հետ, որը պարունակում էր հակաահաբեկչական միջոցառումների նկարագրությունը, օլիմպիական տոնակատարությունների փորձերը եւ այլն: Բացի դրանից, թղթապանակում եղել են նաեւ Օլիմպիական խաղերի անվտանգության համար պատասխանատու ոստիկանների հասցեներն ու հեռախոսահամարները:
The Sun-ի աշխատակիցներին հայտնի է դարձել նաեւ այն, որ ոստիկանները դժգոհ են մնացել հեռահաղորդակցման սարքերից, որոնցով իրենք պետք է կապ հաստատեին միմյանց հետ Օլիմպիադայի ընթացքում:
«Նման ցնցող իրադարձությունը կարող էր ամեն ինչ փչացնել եւ անգին տեղեկություն հանդիսանալ ահաբեկիչների համար», - նշել է բրիտանական հրատարակությունը:
Սքոթլանդ Յարդը ամաչում է` իր վարկանիշին նման հարված ստանալով: Ամենայն հավանականությամբ թղթապանակը կորցրած ոստիկանին կպատժեն օրենքի ամբողջ խստությամբ:
Դրան զուգահեռ, ոստիկանությունը փորձել է իրավիճակը շտկել` հայտարարելով, որ թղթապանակում ոչ մի գաղտնի տեղեկություն էլ չի եղել:
Լոնդոնում Օլիմպիական խաղերը կսկսվեն 2012 թվականի հուլիսի 27-ին: Ավելի վաղ տեղական իշխանությունները նշել էին, որ մարզիկների եւ երկրպագուների անվտանգությունը Օլիմպիադայի կազմակերպիչների գլխավոր ձեռքբերումներից մեկն է լինելու:




























