Լիբիայի սահմանին անհայտ անձանց կողմից առեւանգվել է Ալժիրի ոստիկանապետը:
Ըստ արաբական լրատվամիջոցների`հունվարի 16-ի երեկոյան տարածաշրջանային գերատեսչության պետ Մուհամմեդ ալ Իդ Հելֆին ուղեւորվել է Լիբիայի սահմանի մոտ գտնվող Դեբդեբ քաղաք` քաղաքային իշխանությունների եւ բնակչության միջեւ ծագած խնդիրները լուծելու համար: Սակայն ճանապարհին նրան առեւանգել են: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ, հանցագործները դեռեւս ոչ մի պահանջ չեն ներկայացրել: Ոստիկանությունը փորձում է դուրս գալ առեւանգիչների հետքի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ալժիրի հարեւան Լիբիայում կատարվող ներքին զինված հակամարտության ժամանակ ալժիրյան իշխանությունները բազմիցս անհանգստություն են արտահայտել` կապված սահմանապահ շրջաններում անվտանգության վատթարացման հետ: Ըստ ալժիրյան ուժային կառույցների` սահմաններին կտրուկ ակտիվացել են զենքի անօրինական վաճառքով զբաղվող խմբավորումները, ինչպես նաեւ կրոնական ծայրահեղական խմբերը:
Բացի դրանից, Ալժիրում, կապված «արաբական գարնան» իրադարձությունների հետ, վերջին տարում տարբեր նահանգներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ` ժողովրդավարական փոփոխությունների եւ կյանքի պայմանների բարելավման կոչերով:




























