ԱՄՆ գիտնականները սերիական մոլագարների քայլերը մեկնաբանում են մաթեմատիկական մոդելավորման միջոցով: Իրենց մեթոդը նրանք կիրառել են խորհրդային հայտնի Անդրեյ Չիկատիլոյի նկատմամբ, որը 53 սպանություն է գործել:

Գիտական հայտնագործության հեղինակները Կոննելի համալսարանի գիտնական Միխայիլ Սիմկինն ու Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանի գիտնական Վանի Ռոյչոուդհուրին են:

Անդրեյ Չիկատիլոյի պահվածքը վերլուծելով` գիտնականները պարզել են, որ այն համապատասխանում է «սատանայի սանդուղք» անունն ստացած մաթեմատիկական ֆունկցիային:  Այդ ֆունկցիայի գծագիրը նման է անհավասար աստիճաններով սանդուղքի, որոնց բարձրությունն աճում է զրոյից դեպի միավորներ հասնելիս:

Չիկատիլոյի սպանությունների ժամանակագրությունն էլ է այդ սանդուղքը հիշեցնում:

Ըստ գիտնականների` ֆենոմենը բացատրվում է նրանով, որ Չիկատիլոյի ուղեղում հերթական հանցագործությունը կատարելու ցանկության համար պատասխանատու նյարդային բջիջների խումբ է եղել:  Դրանք ժամանակ առ ժամանակ աստիճանաաբար ակտիվացել են եւ հասել գագաթնակետին: Այդ պահին հանցանք գործելու ցանկությունն անդիմադրելի է դարձել: Սպանությունից հետո բջիջների մի մասը ժամանակավորապես անզգայացել են, հետո ամեն ինչ կրկնվել է, գրում է Technology Review-ն:

Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլոն սպանություններ է գործել 1978-1990թթ.` մշտապես բնակվելով Ռոստովի շրջանի Շախտի քաղաքում: Նրա զոհն են դարձել 21 տղա, 14 աղջիկ երեխաներ, ինչպես նաեւ 17 չափահաս աղջիկներ եւ կանայք: Զոհերից մի քանիսին նա սպանել է երկրում գործուղումների մեկնելիս, մասնավորապես` Մոսկվա եւ Տաշքենդ: