Թուրքիայում ԵվրոՀՀՊ-ի ռադիոտեղորոշիչ կայանը շահագործման հանձնելը Սիրիայում ռազմական միջամտությանը եւ Իրանին հնարավոր հարված հասցնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքների մի մասն է կազմում: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժյեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային   խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա` այսօր Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի համար այդ կայանը անմիջական վտանգ չի ներկայացնում:

«Այդ ամենը կապված է երկու երկրների իրավիճակի հետ: Սիրիայում ամեն ինչ գնում է դեպի լայնածավալ մարտական գործողությունների  սկսում, իսկ Իրանի դեպքում միանգամայն պարզ է, որ Իրանը միջուկային զենք է մշակում: Երկու դեպքում էլ Թուրքիայում ԵվրոՀՀՊ-ի ռադիոտեղորոշիչ կայանը պետք կգա», - կարծում է փորձագետը:

Պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական Թուրքիայի տարածքից Իրանին հարված հասցնելը, Սկակովը հայտնել է, որ այսօր դա քիչ հավանական է, բայց ապագայում կարող է իրագործվել: «Տվյալ որոշման կայացումն ուղղակիորեն կապված է Սիրիայում դեպքերի զարգացումից: Եթե ՆԱՏՕ-ն Սիրիայում զարգացող դեպքերի հիման վրա որոշի Իրանին հարված հասցնել, այդ կայանը կարող է օգտագործվել»,-ամփոփել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ՀՀՊ համակարգի ռադիոտեղերոշիչ կայանը Թուրքիայում շահագործման է հանձնվել հունվարի 1-ին: Թուրքական «Hurriyet»-ի տվյալներով` կայանի գործունեությունն ապահովում են ԱՄՆ ԶՈՒ զինծառայողները, քանի որ Թուրքիան առայժմ համապատասխան մասնագետներ չունի: Մալաթիայում, որտեղ գտնվում է կայանը, տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի դաշտային բանակը, ինչպես նաեւ ռազմաօդային ուժերի արագ արձագանքման մարտավարական բազան: