Կազմակերպությունը («Союзконьяк»), որը հայտարարություն էր տարածել հայկական կոնյակի վերաբերյալ, հիմնադրել են ադրբեջանա-դաղստանցի ներկայացուցիչներն ու Ռուսաստանի ուժային կառույցների նախկին պաշտոնյաները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։

«Եվ նրանք բնավ չեն մտահոգվում Ռուսաստանի և ռուս ժողովրդի անվտանգությամբ։ Նրանք հստակ նպատակ ունեն ռուսական շուկայում խոչընդոտներ ստեղծել հայկական կոնյակի համար։ Դա պատվեր է, որը նրանք կատարում են, ներառյալ՝ Ադրբեջանի համար։

Այդ միտումը նկատվում է արդեն հինգ տարուց փոքր-ինչ ավելի, և կարևոր չէ՝ հայ-ռուսական հարաբերությունները վատթարանում են, թե բարելավվում։ Նման ակտիվությունն ավելի է սրվում, երբ հակահայկական ուղղվածությամբ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում», - նշել է փորձագետը։

Նա միաժամանակ հիշեցրել է, որ կեղծված կոնյակ միշտ էլ գոյություն է ունեցել, դրանց թվում՝ կեղծված ռուսական, մոլդովական, ադրբեջանական, վրացական կոնյակ, ինչպես նաև բոլոր մյուս խորհրդային հանրապետությունների կոնյակ։ «Կեղծիքի քվոտան որոշել են ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։ Այս գործընթացը շարունակվել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Միևնույն ժամանակ, Հայաստանը, հաշվի առնելով իր խոցելիությունը նախկին խորհրդային այլ հանրապետությունների համեմատ, սկսել է աստիճանաբար ազատվել կեղծված ապրանքներից։ Մեր իրավիճակն այժմ մի քանի գլուխ ավելի բարվոք է, քան, ասենք, 30 տարի առաջ էր։ Մեր արտադրողները, ի տարբերություն մյուսների, միշտ ձգտել են կեղծված ապրանքները հասցնել նվազագույնի»,- հավելել է Հարությունյանը։

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմից և հայ-ռուսական հարաբերությունների սրումից հետո, հատկապես այս տարի, Ռուսաստանը հստակ պահանջ է ներկայացրել, որ կոնյակը պետք է լինի մաքուր։ «Այդպես էլ եղավ։ Հայ արտադրողները, հաշվի առնելով սահմանին հայ-վրացական տնտեսական խնդիրները, հաշվի առնելով հայ-ռուսական լարված հարաբերությունները, փորձում են խուսափել կեղծարարությունից։

Միևնույն ժամանակ, հայ արտադրողները գործում են ռուսական շուկան վերահսկողների թելադրանքով։ Ընդ որում, նրանք նախկինում հայտարարել էին, որ պատասխանատու կլինեն շուկա մատակարարվող բոլոր կեղծ ապրանքների համար, մինչդեռ հիմա պատրաստ չեն ստանձնել այս գործառույթը», - եզրափակել է նա։