ԱՄՆ-ն փորձում է ցանկացած հնարավորություն օգտագործել Իրանի շուրջ իրավիճակը սրելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Ֆելիքս Ստանեւսկին` հավելելով, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի ԵվրոՀՀՊ ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումն ու շահագործումը հարկավոր է դիտարկել հենց այդ տեսանկյունից:
«ԱՄՆ-ն դրա համար օգտագործում է ցանկացած հնարավորություն, այդ թվում` Թուրքիայի կողմից տրամադրվածները: Ընդհանրապես, այդ ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումն ու շահագործումն այնքան էլ ուրախալի բան չէ: ՆԱՏՕ-ն վստահաբար հայտարարում է, որ այդ եւ ՀՀՊ համակարգի այլ օբյեկտներն ուղղված են Իրանի դեմ, եւ դա հենց ինքնին վատացնում է Թեհրանի հարաբերությունները Արեւմուտքի հետ: Միաժամանակ, Ռումինիայի, Լեհաստանի, հենց նաեւ Թուրքիայի տարածքում տեղակայված ՀՀՊ-ի տարրերը կարող են կիրառվել Ռուսաստանի դեմ: Հենց միայն դրանց տեղակայման փաստը ռազմական նշանակության գործողություն է», -նշել է փորձագետը:
Ընդհանրապես, Ֆելիքս Ստանեւսկիի խոսքով, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողություններում տրամաբանության բացակայություն կա: «Դրանում կարելի է համոզվել վերջին դեպքերի օրինակով. Բոլոր այդ ակցիաները Աֆրիկայի հյուսիսում եւ Մերձավոր Արեւելքում այս կամ այն պատճառով չէ, որ անցկացվում են, այլ պարզապես: Նույն բանն էլ Իրանի դեպքում է կատարվում. Այստեղ հարցն այն չէ, թե արդյոք Իրանը Արեւմուտքի համար վտանգավոր է, թե ոչ, սպառնում է, թե ոչ, բնավ կարեւոր չէ: Իրանին ԱՄՆ-ի թիվ 1 թշնամի են հայտարարել, եւ ամբողջ տրամաբանությունը դրա վրա է կառուցվում», - նշել է զրուցակիցը` հավելելով, որ ԱՄՆ քաղաքականության կոնցեպցիան ամբողջությամբ հանգում է մի արտահայտության. «Հարկավոր է փոխել Իրանի իշխանություններին, որպեսզի ամերիկյան հեգեմոնիան այսուհետ էլ տարածվի տարածաշրջանում»:
Ստանեւսկին նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ի ծրագիրը հաջողությամբ պսակվի, Իրանից հետո նոր թշնամի կընտրվի, եւ ամեն ինչ կսկսվի նորից: «Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի առավելագույնս մոտեցվեն Չինաստանի ու Ռուսաստանի սահմանները` երկու պետություների միջեւ իրադրությունը բարդացնելու համար, որոնք Վաշինգտոնի գլխավոր մրցակիցներն են համարվում», - նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ՀՀՊ համակարգի ռադիոտեղերոշիչ կայանը Թուրքիայում շահագործման է հանձնվել հունվարի 1-ին:




























