«Կարծում եմ՝ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից այս ամենը կազմակերպվել է այս ժամանակահատվածում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքը բազմամարդ չէր»։ Այս մասին սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ խոսելով այն մասին, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Արցախի հանրապետության ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքը։
«ՀՀ իշխանություններն արձանագրել են մի փաստ՝ եթե արցախցիները պատրաստ չեն պայքարել իրենց սոցիալական խնդիրների համար, ապա իսկական ժամանակն է ոտնձգել նաև Արցախի հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ»,–ասաց նա՝ կոչ անելով արցախցիներին համախմբվել և պայքարել Արցախի ներկայացուցչության շենքի համար։
Նրա խոսքով, Արցախի ներկայացուցչության շենքն արցախցիների համար լոկ շենք չէ, այլ Արցախի վերջին շունչը։
«Արցախի հանրապետության ներկայացուցչությունը բոլորիս համար դարձել է խորհրդանշական շենք. 1990–ական թվականներից սկսած Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունում ունեցել է մշտական տեղայակման վայր։ Կարելի է ասել՝ դա Արցախի հանրապետության վերջին շունչն է, որը երբեք չի կարող մարել։ Կոչ եմ անում հայրենակիցներիս՝ լինել առավել քան երբևէ միասնական և վերջ տալ մեկնաբանություններին, իբրև թե այնտեղ նստած են թալանչիներ»,–ասաց նա։











