Հետաքրքրասեր լրագրողները պարզել են, որ Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի գժտությունն իրական պատճառ ունի, որի անունը Եվա Գրին է:

Ավելի վաղ նշվել է, որ երգչուհին վռնդել է ամուսնուն հարբեցողության համար, սակայն հիմա խոսակցություններ են շրջում, որ պատճառն ամուսնական դավաճանությունն է: Ինչպես գրում է The Daily Mail-ը, Դեփը սիրավեպ է սկսել «Մռայլ ստվերներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ իր գործընկերուհի Եվա Գրինի հետ: Նրանց միջեւ սիրո կայծ է բռնկվել նկարահանումների ժամանակ, իսկ Վանեսա Պարադիի կողմից խանդի տեսարանները հոգնեցրել են հոլիվուդյան մաչոյին եւ կրակի մեջ յուղ լցրել:

Որոշ պարբերականների փոխանցմամբ, երբ Դեփը նկարահանվում էր Անջելինա Ջոլիի հետ «Տուրիստը» ֆիլմում եւ նկարահանման խմբի հետ քաղաքից քաղաք տեղափոխվում, Վանեսան աննկատ ուղեկցում էր ամուսնուն:

«Վերջին ժամանակներս Ջոնին ու Վանեսան իրար համար օտար են դարձել: Դեփը հաճախ է անցկացնում տնից հեռու: Իսկ երբ դու աշխարհի ամենասեքսուալ տղամարդն ես, շատ դժվար է ձեռնպահ մնալ գեղեցիկ գործընկերուհիների հետ ֆլիրտներից»,-պատմել են թերթի աղբյուրները:

Փաստացի, 48-ամյա Դեփը հիմա «միջին տարիքի ճգնաժամ» է ապրում, իսկ 31-ամյա Եվա Գրինը կարծես Վանեսա Պարադիի երիտասարդ «տարբերակը» լինի` գոթական տեսքով ու շքեղ կազմվածքով: Եվա Գրինը հայտնի է Բերնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմից, որտեղ նկարահանվել է մերկ, այնպես նաեւ Ջեյմս Բոնդի մասին պատմող Վեսփեր Լինդի «Կազինո Ռոյալ» ֆիլմից:

Աստղային զույգի մոտ վերջին շրջանում վեճերի ու սկանդալների մասին հայտնի է դարձել դեռ 2011-ի ապրիլին, երբ ֆրանսիական ամսագիրն իր առաջին էջում հրապարակել էր Դեփի լուսանկարը` իր մամուլի քարտուղար Ռոբին Բաումին համբուրելիս:

Դրանից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ կանանց սիրելի դերասանը պարբերաբար դավաճանում է Վանեսային, թեեւ Դեփը կտրականապես հերքում է նման լուրերը: Ջոնին ու Վանեսան երկու երեխա ունեն` 12-ամյա Լիլի-Ռոուզը եւ 9-ամյա Ջեք-Քրիսթոֆերը:

Ընկերները նշում են, որ Դեփը չի կարողանում կոծկել ընտանեկան իրավիճակով պայմանավորված իր ընկճված վիճակը: Նա օրն անցկացնում է գիշերային ակումբներում, քանի որ կինն այլեւս չի ցանկանում տեսնել նրան տանը, հաղորդում է Radar Online-ը:

Ջոնի Դեփը դիմել է իր փաստաբաններին` նպատակ ունենալով սկսել Վանեսա Պարադիի (ում հետ անցկացրել է իր կյանքի վերջին 15 տարիները) հետ ունեցած իրենց ունեցվածքի բաժանումը:

Դեփն ու Պարադին չեն մեկնաբանում այս տեղեկությունները: