ԱՄՆ-ը Թուրքիային այնպիսի քայլերի է մղում, որոնք ուղղակիորեն բխում են Վաշինգտոնի շահերից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի տնօրեն Ֆելիքս Ստանեւսկին: Ըստ նրա` այդ հարցում ԱՄՆ-ն օգտագործում է Եվրոպայի հետ հարաբերություններում Թուրքիայի ինքնուրույնության մեծացումը:
«Հարկավոր է նայել Թուրքիայի էվոլյուցիային. Անկարան ամրապնդել է իր դիրքերն արաբական, մահմեդական աշխարհում: Այսօր այն տարածաշրջանում ավելի մեծ դեր ունի, քան 3-4 տարի առաջ: Թուրքիան ինչ-որ առումով վերածվել է տարածաշրջանային գերտերության: Վաշինգտոնն օգտագործում է այդ ինքնուրույնությունը, որպեսզի Թուրքիային դրդի իր շահերից գործել», - նշել է Ստանեւսկին:
Նրա կարծիքով` բացառված չէ, որ Թուրքիային սիրաշահելով եւ նրա դիրքերի հետագա ամրապնդման խոստումներով ԱՄՆ-ն նրան դրդում է Սիրիայի, հետագայում նաեւ Իրանի նկատմամ ռազմական գործողություններ սկսել:
«Ամեն ինչ կախված է տարածաշրջանում դեպքերի հետագա զարգացումից: Այժմ ամեն ինչ անցանկալի ուղղությամբ է ընթանում, իրավիճակը բարդանում է: Ինչ-որ պահի Անկարան կարող է մարտական գործողությունների դիմել, եւ այդ ժամանակ գործի կարող են դրվել Թուրքիայում վերջերս շահագործման հանձնված ՆԱՏՕ-ի ԵվրոՀՀՊ-ի ռադիոտեղորոշիչ կայանը, ինչպես նաեւ այլ ռեսուրսներ», -ամփոփել է փորձագետը::
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ՀՀՊ համակարգի ռադիոտեղերոշիչ կայանը Թուրքիայում շահագործման է հանձնվել հունվարի 1-ին:




























