Իտալիայում, «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի աթետի հետաքննության նպատակով ստեղծված ճգնաժամային կենտրոնը պարզել է 29 անհետ կորած ուղեւորների ինքնությունը:

Նրանց շարքում կա 6 իտալացի, 14 գերմանացի, 4 ֆրանսիացի, 2 ամերիկացի, ինչպես նաեւ Պերուի, Հնդկաստանի ու Հունգարիայի մեկական քաղաքացի:

Միաժամանակ, La Stampa թերթը այսօր հայտնել է, որ անհետ կորածների թիվը կարող է հասնել 40-ի: Թերթը վկայակոչում է ինչ-որ «գաղտնի ցուցակ», որը գտնվում է ճգնաժամային կենտրոնում:Մասնավորապես, ըստ պարբերականի, անհետ կորել է ոչ թե 6, այլ 10 իտալացի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին տեղեկություն էր տարածվել, որ գտնվել է 7-րդ զոհված ուղեւորի մարմինը, սակայն արդյունքում իտալացի փրկարարներն այդ տեղեկությունը հերքել են:

Այսօր` հունվարի 17-ին, որոնողական աշխատանքներին միացել են Իտալիայի ռազմածովային ուժերի ծառայողները:

«Կոստա Կոնկորդիա» զբոսանավը, որի վրա եղել է 4200 մարդ, աղետի է ենթարկվել հունվարի 14-ին` Ջիլիո կղզու մոտ: Աղետի զոհերի թիվը այս պահին 6-ն է: