Հայաստանը մասնակցելու է 2012թ մայիսի 22-26-ին, Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին:Այս մասին նշվում է «Եվրատեսիլ-2012»-ի պաշտոնական կայքում: Ըստ այդ տեղեկատվության` Հայաստանը 42 այլ երկրների հետ հայտ է ներկայացրել` մասնակցելու երգի մրցույթին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ ավելի ուշ կանդրադառնան այն հարցին, թե ինչպես է ընտրվելու Հայաստանը ներկայացնող մասնակիցը եւ ով է ներկայացնելու մեր երկիրը: Նրա խոսքով` այդ հարցերը դեռ քննարկվում են եւ մոտ ժամանակներս իրենք հանդես կգան հայտարարությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011 թ. մայիսի 15-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում հաղթող են ճանաչվել ադրբեջանցի երգիչներ Էլդար Գասիմովի եւ Նիգյար Ջամալի (Ell/Nikki): Դա էլ հենց իրավունք էր տվել Ադրբեջանին, հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ն անցկացնել իր երկրում: