Պետական պահպանության ծառայությունը, որն արդեն երկու տարի է գործում է որպես վարչապետին ենթակա մարմին, պարզվում է, տևական ժամանակ է ի զորու չէ ծառայության ուժերով ապահովել ՀՀ վարչապետի կեցավայրի անվտանգությունը: Այս հարցում ՊՊԾ-ին աջակցում են ՆԳՆ ոստիկանության զորքերի շուրջ երեք տասնյակ ծառայողներ, որոնք մշտապես հերթապահություն են իրականացնում «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի՝ Պռոշյան փողոցում գտնվող ՀՀ վարչապետի կեցավայրի մոտ:
Օրերս NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ներքին գործերի նախարարությանը՝ պարզելու, թե երբվանի՞ց և ի՞նչ իրավական հիմքով են ՆԳՆ ներքին զորքերի ծառայողները հերթապահում Կառավարական ամառանոցի մոտ:
Սակայն, ինչպես և ենթադրվում էր, ՆԳՆ-ից մերժել են տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ հայցվող տեղեկությունները, համաձայն ՀՀ ՆԳ նախարարի 2024թ. հուլիսի 12-ի թիվ 55-Լ հրամանի, գաղտնագրման ենթակա տեղեկություններ են և ունեն գաղտնիության «Գաղտնի» աստիճան, ուստի՝ ենթակա չեն հրապարակման:
Նշենք, որ յուրաքանչյուր տարի պետական բյուջեից միլիոնավոր դրամների լրացուցիչ միջոցներ են ուղղվում ՀՀ պետական պահպանության ծառայության «բնականոն գործունեության ապահովելու» նպատակով, սակայն թե որքան գումար է մսխվում Կառավարական ամառանոցի մոտ իրենց «օրը գլորող» Ներքին գործերի զինծառայողների աշխատավարձերի և պարգևավճարների համար, իշխանություններին, թերևս չի հուզում:





























