Պաշտոնական Թեհրանը Էր-Ռիյադին խնդրել է Եվրամիության կողմից իրանական նաթի ներկրման վրա էմբարգո կիրառելու դեպքում նավթի համաշխարհային շուկայում իրանական նավթը չփոխարինել սաուդյանով: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հիմնվելով լոնդոնյան բորսաների աղբյուրի վրա:
Համաձայն տեղեկատվության` տվյալ խնդրանքը փոխանցվել է ՕՊԵԿ-ի միջոցով, որի անդամն են հանդիսանում այդ երկու երկրները: Սաուդյան Արաբիան նավթարդյունահանման ծավալներով ՕՊԵԿ-ում առաջին տեղն է զբաղեցնում, Իրանը` երկրորդ:
Reuters-ը, վկայակոչելով ՕՊԵԿ-ում Թեհրանի ներկայացուցիչ Մուհամադ ալ Խատիբի խոսքերը, հաղորդում է, որ Իրանի իշխանությունները բոլոր հարեւան արաբական երկրներին կոչ են արել չավելացնել նավթարդյունահանման ծավալները իրանական սեւ ոսկու բացակայությունը չեզոքացնելու նպատակով, այն դեպքում, եթե Եվրամիության ներմուծած էմբարգոն Իրանի նավթի ներկրման նկատմամբ սկսի գործել:
«ԵՄ գործողությունների հետեւանքներն անկանխատեսելի են: Այդ պատճառով մեր հարեւանները պետք է չհամագործակցեն այդ խաբեբաների հետ, այլ իմաստուն քաղաքականություն վարեն», - ենթադրում է ալ Խատիբին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ համաշխարհային շուկայում կլրացնի նավթի ցանկացած պակաս: Սակայն, դրա հետ մեկտեղ, Էր-Ռիյադը չէր հայտնել այն պատճառները, որոնք պետք է համաշխարհային շուկայում նավթի դեֆիցիտ առաջացնեին: Միաժամանակ, The Financial Times-ի տեղեկացմամբ Սաոււդյան Արաբիան վերանայել է նավթի բարելի սակագինը` մինչեւ 100 դոլար հասցնելու մտադրությամբ: Ավելի վաղ այն 70 դոլար էր կազմում:
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Սաուդյան Արաբիայի գործողություններն արդեն որակել էր իբրեւ «ոչ բարեկամական»: Ըստ նրա` «Պարսից ծոցի անվտանգությունը հավաքական անվտանգություն է, իսկ Իանը տվալ գործընթացի գլխավոր մասնակիցն է»:
Ինչպես հունվարի 15-ին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, «Եվրամիությունն ընթացիկ ամսվա վերջում Իրանի նավթի ներկրման վրա արգելք դնելու որոշում կկայացնի»:



























