Իսրայելը գնահատում է, որ Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով՝ վերջին հարվածների հետևանքով, ասել է հրեական պետության դեսպան Սիմոնա Գալպերինը Մոսկվայում։

«Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն զինվորականների, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նախկինում CBS-ին տված հարցազրույցում նշել էր, որ Իրանը պահպանել է իր միջուկային ծրագրի որոշ բաղադրիչներ և կարող է վերսկսել ուրանի հարստացումը մի քանի ամսվա ընթացքում։ Նրա խոսքով՝ Իրանը «որոշակի չափով ուներ և դեռևս ունի ուրանը մշակելու, փոխակերպելու և հարստացնելու կարողություն» Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

Ինչպես հավելել է Գրոսին, այս օբյեկտները «մեծ մասամբ ոչնչացված են», բայց «ինչ-որ բան մնում է»։ Ինչպես հունիսի 24-ին հաղորդել է CNN-ը, ամերիկյան հետախուզական համայնքը կարծում է, որ Իրանի վրա հարվածները չեն ոչնչացրել Թեհրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի համաձայն՝ հարձակումը, ամենայն հավանականությամբ, Թեհրանի կողմից միջուկային ռումբի ձեռքբերումը հետաձգել է ընդամենը մի քանի ամսով։ Այս եզրակացությունները պատրաստվել են ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության կողմից։ Միևնույն ժամանակ, այն ինքը պարզաբանել է, որ նման եզրակացություններ է առաջ քաշում՝ դրանց ճշգրտության նկատմամբ ցածր վստահությամբ։