Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը իշխանություններին ուղղված խիստ քննադատական ելույթով հանդես է եկել կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ։
Firat գործակալության փոխանցմամբ՝ քուրդ կուսակցապետը քննադատելով քուրդ քաղաքական գործիչների, մտավորականների եւ լրագրողների ձերբակալությունները՝ նշել է, թե Էրդողանի իշխանության օրոք Թուրքիայի բանտերը գերծանրաբեռնվել են։ «Ամեն օր Թուրքիայում ձերբակալություններ են։ Արդեն 35 նոր բանտ կառուցելու մրցույթ է հայտարարվել։ Սիրայում Ասադը համընդհանուր ներում է հայտարարում, իսկ Էրդողանը՝ համընդհանուր ձերբակալությունների որոշում է կայացնում»,-ասել է Դեմիթաշը։
Ըստ Դեմիրթաշի՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը Թուրքիայում ամենամեծ կուսակցությունը չէ, այն Թուրքիայի ամենամեծ անանուն առեւտարակն ընկերությունն է։ «Այնտեղ քաղաքագետներ չեն, այլ՝ առեւտրականներ։ Դժվար է լինելու նրանց դեմ պայքարել, սակայն մենք կպայքարենք»,-նշել է քուրդ կուսակցապետը։




























