Վթարի ենթարկված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի ռուսաստանցի ուղեւորը բռունցքներով հարձակվել է Costa Crociere ընկերության աշխատակցի վրա:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 16-ին «Ֆյումիչինո» օդանավակայանի Hilton հյուրանոցի սրահում: Նա խնդրել է աշխատակցին օգնել երեխայի որոնումներում: Նրան թվացել է, որ աշխատակիցը չի շտապում կատարել իր խնդրանքը, նրա նյարդերը չեն հերիքել եւ նա հարձակվել է զրուցակցի վրա:
Կռվողներին բաժանել են ոստիկաններն ու քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները: Costa Crociere-ի աշխատակցին ուղարկել են հիվանդանոց, նա աննշան վնասվածքներ է ստացել, գրում է Il Messaggero-ն: Առայժմ հայտնի չէ` արդյոք ռուսաստանցին պատասխանատվության կենթարկվի, թե ոչ:
«Կոստա Կոնկորդիա» զբոսանավը խութի է բախվել եւ սկսել խորտակվել հունվարի 14-ին իտալական Ջիլո կղզու մոտ: Ջերմանավի վրա 4200 մարդ է եղել, որոնցից հազարը` անձնակազմի անդամներ: Երբ նավի վրա արտահոսք է սկսել, նավապետ Ֆրանչեսկո Սկետտինոն լքել է նավը` չսպասելով ուղեւորների հեռանալուն: Աղետի հետեւանքով զոհվել է վեց մարդ, 29-ն անհետ կորած են համարվում:




























