«Այս գործընթացում գտնվող մարդիկ վաղ թե ուշ պատասխան են տալու, իրավական լուրջ գործընթացներ են սկսվելու հանցակազմ պարունակող արարքների համար։ Ճշմարտությունն իրականում պարզվելու է։ Եթե կա կանխակալ վերաբերմունք, եթե նրանք գիտեն՝ ում են տալու կազմակերպությունը, դա կրկնակի ու եռակի անգամ ծանրացնելու է պատասխանատվությունը»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին այն մասին, որ ՀԷՑ–ի կառավարումը կարող է հանձնվել եվրոպական կամ ամերիկյան որևէ կազմակերպության, Դավիթ Ղազինյանն ասաց, որ ավելի լուրջ մտավախություններ ունի՝ ակնարկելով, որ ՀԷՑ–ի կառավարումը կարող է անցնել ադրբեջանական կամ թուրքական որևէ կազմակերպության։
«Ես չգիտեմ՝ ՀԿԾՀ–ն ու ՔՊ–ական պատգամավորներն ինչու են մտել այդ ամենի տակ, դա նրանց հարցրեք»,–հավելեց Ղազինյանը։
Պատասխանելով հարցին՝ ինչ կադրային փոփոխություններ են սպասվում ՀԷՑ–ում՝ նոր կառավարչի նշանակմամբ պայմանավորված, Ղազինյանն ասաց.
«Մենք գիտակցում ենք ինչ է կատարվելու, հասկանում ենք՝ ինչ են վերցնել 2015 թվականին և այսօր ինչ ունենք. մեր այստեղից գնալը կդիտվի որպես դավաճանություն՝ և՛ պետության, և՛ մեր քաղաքացիների, և՛ սեփականատիրոջ նկատմամբ։ Անկախ նրանից, որ մեր նկատմամբ վարվեկլ են շատ վատ, մեր փորձով օգնելու ենք, որպեսզի համակարգը չփլվի»։
Դավիթ Ղազինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենք շարունակելու են աշխատել ի բարօրություն ժողովրդի ու պաշտպանելով ընկերության շահերը։











