Իրանի իշխանությունները որոշել են ԱՄՆ-ին վերադարձնել խփված ամերիկյան անօդաչու թռչող սարքի խաղալիք մոդելը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրանից հետ է պահանջել իր անօդաչու թռչող սարքը, որն, ըստ իրանական կողմի, խփվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` կիբերհարձակման օգնությամբ եւ անվնաս վիճակում ընկել իրենց ձեռքը:
Ինչպես հաղորդել են Իրանի լրատվամիջոցները, նույն մոդելի թռչող սարքեր վաճառվում են Իրանում, որոնց գինը կազմում է շուրջ 4 հազար դոլար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, իրանական աղբյուրները հայտնել են, որ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը խփել են RQ-170 Sentinel տիպի ամերիկյան անօդաչու թռչող սարքը, որը խախտել էր Իրանի օդային տարածքը:Վաշինգթոնը սկզբում հերքում էր, որ նման սարքի կորուստ է ունեցել, սակայն հետո խոստովանեց: 2011-ի դեկտեմբերի 11-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնեց, որ իր վարչակազմը պաշտոնական հարցում է ուղարկել Թեհրան, լրտես-սարքը ամերիկյան կողմին վերադարձնելու խնդրով:
Թեհրանը, ինչպես եւ սպասվում էր, մերժել է այդ դիմումը: Իրանում հայտարարել են, որ հիմա աշխատում են ամերիկյան սարքի կոդերն ստանալու ուղղությամբ, որի հաջորդ փուլը կլինի այդ անօդաչու թռչող սարքի ստեղծումը: ԱՄՆ-ում անգամ կարծիքներ են հնչում, որ Իրանն այն կարող է վաճառել Ռուսաստանին կամ Չինաստանին, դրա դիմաց միջազգային աջակցություն ակնկալելով:



























