2025 թվականի սկզբից ի վեր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 16 կալանավոր։ Վեց դեպքում, ըստ պաշտոնական տարբերակի, պատճառը ինքնասպանությունն է եղել։ Վերջին նման միջադեպը հուլիսի 14-ին էր՝ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում։ Այս թվերը կրկին կասկածի տակ են դնում ոչ միայն բանտարկյալների բուժսպասարկման և հոգեբանական խնամքի մակարդակը, այլև՝ երկրում քրեակատարողական քաղաքականության բուն էությունը։ Որքանո՞վ է Հայաստանի քրեակատարողական համակարգը մարդակենտրոն։ Արդյո՞ք այն ապահովում է կալանքի տակ պահվող անձանց հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը։ Եվ ի՞նչ մեխանիզմներ, եթե այդպիսիք կան, պետք է ապահովեն, որ բանտային համակարգը ոչ միայն՝ որպես պատժի, այլև՝ որպես վերականգնվելու հնարավորություն ծառայի։

Պատիժ՝ վերականգնման փոխարեն

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նարե Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ Հայաստանի քրեակատարողական հաստատությունները դեռևս հեռու են իսկապես մարդակենտրոն մոդելից։ Համակարգի ուշադրության կենտրոնում, ինչպես նշում է նա, ոչ թե ինքնին անձն է, այլ՝ կատարված հանցագործության համար պատիժը։ «Ցավոք, համակարգի գաղափարախոսական և հայեցակարգային ընկալման մեջ բանտարկյալների սոցիալականացման հարցերը գործնականում բացակայում են»,- ընդգծում է Հովաննիսյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ քրեակատարողական հիմնարկի բոլոր ծառայությունները չեն, որ իրենց պատասխանատու են համարում վերասոցիալականացման գործընթացի համար։ Դա հաճախ բացառապես սոցիալական աշխատողների, հոգեբանների կամ ոչ կառավարական կազմակերպությունների պատասխանատվություն է ընկալվում։ Սակայն, ըստ իրավապաշտպանի, խնդրի արմատը պատիժն իբրև գերիշխող սկզբունքն է։ Հովաննիսյանը նշում է, որ չնայած կատարված հանցագործության մասին տեղեկությունը կարող է իսկապես կարևոր լինել սոցիալական վերականգնման արդյունավետ ռազմավարություն մշակելու համար, իրականում արարքի վրա ուշադրությունը կենտրոնացվում է ոչ այդ նպատակով. «Գործնականում նրանք դրա վրա կենտրոնանում են ոչ թե վերականգնման, այլ՝ պատիժը հնարավորինս խիստ կիրառելու համար»։

Այս պատժիչ տրամաբանությունը, ըստ նրա, մնում է ուղղիչ հիմնարկների աշխատակիցների զգալի մասի հիմնական վերաբերմունքը։ Արդյունքում, հաստատությունները կարգապահական միջոցներն ավելի հաճախ են կիրառում, քան՝ խրախուսման համակարգերը, ինչն, ըստ Հովհաննիսյանի, կարող է լինել բանտարկյալների շրջանում ինքնասպանությունների բարձր թվի պատճառներից մեկը։ Նա նաև մատնանշեց վերահսկողության լուրջ խնդիրներ. բանտերում պարբերաբար հայտնաբերվում են անօրինական նյութեր և առարկաներ, և կարծիք կա, որ նման խախտումները տեղի են ունենում վարչակազմի գիտությամբ և մասնակցությամբ։ Նա նշեց, որ մի շարք դեպքերում խախտումների հետաքննությունները պատշաճ կերպով չեն իրականացվում։ «Կարևոր է ինքներս մեզ հարցնելը. ինչպիսի՞ մարդ ենք մենք նախկին բանտարկյալին վերադարձնում հասարակություն: Եվ այս տեսանկյունից մարդկային կողմնորոշումը վճռորոշ նշանակություն ունի: Բայց, ցավոք, այստեղ է, որ մենք ունենք ամենալուրջ խնդիրները»,- եզրափակեց նա:

Անհամաչափ պատիժներ և պարգևատրումների բացակայություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանը հաստատեց քրեակատարողական համակարգի մարդակենտրոնության հարցում համակարգային խնդիրների առկայությունը։ 2024 թվականի տվյալները մեջբերելով՝ նա նշեց քրեակատարողական հիմնարկներում կարգապահական պատիժների և խրախուսանքների կիրառման մտահոգիչ անհամաչափությունը՝ ընդամենը 14 խրախուսանք 2539 կարգապահական միջոցառման համատեքստում։ Ավելին, ըստ նրա, 1042 դեպքում կալանավորները տեղափոխվել են պատժախուց, որը պատժի ամենախիստ ձևն է։

«Այս վիճակագրությունը ցնցող է և ցույց է տալիս վերասոցիալականացման ծրագրերի չափազանց ցածր արդյունավետությունը»,- ընդգծեց նա։ Ըստ իրավապաշտպանի՝ չնայած վերասոցիալականացման ծրագրերի որոշակի ընդլայնմանը՝ կիրառվող խրախուսման քանակը մնում է կայուն ցածր՝ տարեցտարի ավելանալով առավելագույնը մեկ կամ երկու դեպքով։ Սա, ըստ Ղուկասյանի, ցույց է տալիս, որ պատժիչ մոտեցումը շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկի գործունեության հիմքում։

Օմբուդսմենի մոնիթորինգի շրջանակում վերլուծվել են նաև կարգապահական տույժերի կիրառման վերաբերյալ որոշումները։ Արդյունքում, ինչպես նշեց ապարատի ներկայացուցիչը, գրանցվել են նույն խախտման նկատմամբ կամայական և անհամաչափ մոտեցումների դեպքեր։ Օրինակ, բջջային հեռախոս պահելու համար մի կալանավոր դատապարտվել է 5 օրվա պատժախցում, մյուսը՝ 10 օրվա՝ առանց պատժի տարբերության համար որևէ փաստաթղթային հիմնավորման։

Ղուկասյանն ընդգծեց, որ նման գործելակերպը ոչ միայն խախտում է հավասարության սկզբունքը, այլև խաթարում է համակարգի արդարության նկատմամբ վստահությունը՝ մեծացնելով ազատ արձակվելուց հետո դատապարտյալների կրկնակի մարգինալացման ռիսկերը։

Ինքնասպանությունների թվի աճը որպես համակարգային ձախողումների ցուցիչ. անտեսումից մինչև իրավական «պինգ-պոնգ»

Մեկնաբանելով 2024 թվականին կալանավորների շրջանում ինքնասպանությունների աճը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար Նարե Հովհաննիսյանը նշել է, որ մեկ դեպքում իրեն հաջողվել է ստանալ մանրամասն տեղեկատվություն, որը վկայում է հնարավոր համակարգային խախտումների մասին։ Նրա խոսքով՝ կալանավորը երկար ժամանակ դիմում էր ինքնավնասման, մասնավորապես՝ կտրում էր մատները՝ փորձելով ուշադրություն հրավիրել իր հոգեբանական խնդիրների և պահանջների վրա։ Սակայն, ինչպես նշել է իրավապաշտպանը, ի պատասխան նրան ոչ թե օգնության են հասել, այլ ցինիկ մեկնաբանություններ են արել. «Ասել են, որ եթե կտրելու ես, ավելի լավ է միանգամից ձեռքդ կտրես»։

Հովաննիսյանը շեշտեց, որ այս դեպքը հստակ ցույց տվեց անձի՝ հոգեբանական օգնության ստանալու կարիքը, որը, սակայն, չի տրամադրվել։ Արդյունքում, կալանավորը ինքնասպան է եղել, իսկ միջադեպն ինքնին, ըստ իրավապաշտպանի, ոչ միայն անհատական ողբերգական հանգամանքների համընկնման, այլև՝ համակարգում տիրող անտարբերության և անմարդկային վերաբերմունքի ընդհանուր մթնոլորտի արդյունք է։

Նա առանձին անդրադարձավ քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունների՝ Առողջապահության նախարարությանը ենթակայության հարցին։ Սկզբում, հիշեց նա, այս քայլը ձեռնարկվել էր բժշկական անձնակազմի անկախությունը ամրապնդելու և շահերի բախումը վերացնելու նպատակով։ Սակայն, գործնականում, ըստ նրա, սա հաճախ օգտագործվում է որպես իրավական անպատասխանատվության մեխանիզմ. «Իրական համակարգման փոխարեն մենք տեսնում ենք պատասխանատվության փոխանցում կառույցների միջև»։

Հովաննիսյանը չի բացառում, որ կալանավորները հաճախ նման արմատական միջոցների են դիմում հուսահատությունից դրդված, քանի որ կորցնում են իրենց ապագայի տեսլականը, իսկ պատժիչ մոտեցումներն ու ծաղրը մարդկանց ավելի են դրդում ծայրահեղ միջոցների դիմել։