ԱՄՆ-ում սպանվել է իրանցի ակտիվիստուհին` Իրանում կանանց իրավունքների պաշտպանության շարժման ակտիվ անդամը: 30-ամյա Գելարե Բաղերազադեին սպանել են Հյուսթոնում: Ինչպես հայտնում է տեղական KSAT-TV հեռուստաընկերությունը, նա գտնվել է իր մեքենայում, երբ մարդասպանը հետեւից մոտեցել է ավտոմեքենային եւ կրակել իրանուհու գլխին։ Ամենայն հավանականությամբ, մեքենայի շարժիչը միացված է եղել, քանի որ մեքենան բախվել է ավտոտնակի պատին։ Ոստիկանությունը կարծում է, որ մարդասպանը նախապես հետեւել է Բաղերզադեին։

Դեպքի պահին Գելարե Բաղերզադեն հեռախոսով զրուցել է իր ընկերոջ հետ: Վերջինս հայտնել է, որ կրակոց չի լսել, այլ բարձր ձայն, ինչից ենթադրելի է, որ կրակել են խլացուցիչ ատրճանակով:

Բաղերզադեն Anderson քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնի ուսանողուհի էր եւ ակտիվ հասարակական գործունեություն էր ծավալել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, եւ դեռ չի պարզել` արդյոք սպանությունը կապված է նրա իրավապաշտպանան գործունեությա՞ն հետ, թե` ոչ: