Թեհրանում հուլիսի 22-ին տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում։ Դրա հիմնական թեման եղել է Իրանի միջուկային ծրագիրը, հայտնում է Tasnim-ը։

Ըստ իրանական գործակալության տվյալների՝ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները և համակարգել իրենց դիրքորոշումներն ու գործողությունները։ Նախատեսվում է առաջիկա շաբաթներին շարունակել հանդիպումները «տարբեր մակարդակներում»։

Բանակցությունների շրջանակում Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների ղեկավարներն առանձին հանդիպել են Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչիի հետ։ Զրույցների մանրամասները չեն հաղորդվում։

Ապրիլի 12-ից ի վեր Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ տեղի են ունեցել անուղղակի բանակցությունների հինգ փուլ։ Դրանք ընդհատվել են այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Վաշինգտոնը հայտարարել է Թեհրանի հետ ուղիղ բանակցությունների պատրաստակամության մասին։ Բանակցություններից հրաժարվելու դեպքում ԱՄՆ իշխանությունները սպառնում են ուժ կիրառել։