Մամուլում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ ՀԾԿՀ նախագահը հայտնում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
«Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որևէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը՝ միջազգային դատարանում։
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։
Սրան արձագանքել է ՀՀ կառավարությունը՝ նշելով. «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:
Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, · հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, · ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը: Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:





























