Ոստիկանության ծառայողներն այսօր` հունվարի 18-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով Երեւանի Արծրունիի փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 48-ամյա Աշոտ Ավետիսյանին, որը հայտնի է «Բանգլադեշցի Համո» մականունով:
Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, 1981 թ. ծնված Գարիկ Ն.-ն Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջեւում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի 08 ՕՍ 888 համարանիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է «Բանգլադեշցի Համոն»:
Նա իջնելով մեքենայից` սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Ն.-ին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել է վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Աշոտ Ավետիսյանը ձերբակալված է:
Հիշեցնենք, որ «Բանգլադեշցի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ 2004-ի ապրիլի 5-ին, այն ժամանակ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ, «Նաիրի» կինոթատրոնի մոտ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր էր նետել Արտաշես Գեղամյանի վրա, նաեւ ջարդել դա նկարահանող լրագրողների ֆոտո եւ տեսախցիկները, նաեւ բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ:
Նա մասնակցել է նաեւ «Տեցի կրուգի» հայտնի «ռազբորկային», իսկ 2010-ին մահացու ելքով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու եւ փախել:
Լուսանկարում կապույտ գլխարկով անձը Աշոտ Ավետիսյանն է, 2004թ. ապրիլի 5-ին:
Լուսանկարը` Օննիկ Գրիգորյանի




























