Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերն Իրանի դեմ ռազմական հարվածը կանխելու համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, այսօր` հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել է, թե Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է այդ սպառնալիքից:
«Ես անգամ չեմ գուշակի, թե երբ դա տեղի կունենա, քանի որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա»,- ասել է Լավրովը` պատասխանելով Իրանի դեմ հնարավոր ռազմական արշավի մասին հարցին: Նրա գնահատականով, նման գործողության հետեւանքները ծանրագույն են լինելու: Հնարավոր աղետալի հետեւանքների թվում Լավրովը նշել է Իրանից փախստականների մեծ արտահոսքը դեպքի Ադրբեջան, այնտեղից էլ Ռուսաստան: Եւ դա բոլորովին էլ հիմնական խնդիրը չի լինելու:
«Դա հեշտ զբոսանք չի լինի: Բոլոր հետեւանքները հաշվարկելն անհնար է: Այն, որ դա յուղ է լցնելու առայժմ ծխացող սուննիաշիական հակամարտության կրակի վրա, ես կասկածներ չունեմ: Իսկ հետո շղթայական ռեակցիա կլինի, եւ չգիտեմ, թե որտեղ կանգ կառնի»,- ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























