Ամբողջ աշխարհում երկրի բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին ամենաքիչ գումարը տալիս է Հայաստանի Հանրապետությունը՝ 3-4%, որը խայտառակություն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, իր պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Քաղաքացիները բոլոր խնդիրներով դիմում են քաղաքապետարան։ Ասում են՝ մեռելս թաղի, կտուրս վերականգնի, հիվանդանոցի դեղերի հարցը լուծի, ուսման վարձը մուծի և այլն։ Իսկ պետությունը տալիս է շատ չնչին գումարներ, որը խայտառակություն է, նամանավանդ Գյումրի քաղաքին։ Ամբողջ աշխարհում չկա նման տարբերություն, որ մայրաքաղաքի բյուջեն 160 միլիարդ է, երկրորդ քաղաքի բյուջեն՝ 7 միլիարդ։ Եթե ընդհուպ 10 անգամ ավելի բնակչություն է ապրում մայրաքաղաքում, թող լինի մայրաքաղաքի բյուջեն 70 միլիարդ, ոչ 160 միլիարդ։
Արտաշատին հատկացվող գումարը պետական բյուջեից 6 միլիարդ է, Գյումրիի հատկացվող գումարը 4,5 մլրդ է։ Արտաշատը 20 հազար բնակչություն չունի։ Նույնիսկ եթե միավորվել են և հաշվարկ են անում, թե գիտեք ինչ կա, քառակուսի մետրերով ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան Գյումրի քաղաքը, բայց վարելահողերը, գյուղատնտեսական հողերը չի կարելի մտցնել այդ հաշվարկների մեջ։ Իսկ Գյումրի քաղաքը փողոցներ, շատրվաններ, դպրոցներ են։ Այսինքն Գյումրիին տալ 4,5 միլիարդ, Արտաշատին տալ 6 միլիարդ դրամ, սա խայտառակություն է, ընդհանրապես ուղեղիս մեջ չի մտնում։
Մասիսին տալիս են 4,2 միլիարդ դրամ, Մեծամորին՝ 4 միլիարդ, Աշտարակին՝ 3,8 մլրդ, Մարտունուն՝ 4,18 մլրդ, Վանաձորին ևս քիչ են տալիս՝ 3,8 միլիարդ։ Գյումրիին, որ իմ ժամանակ 157 հազար բնակչություն ուներ, թող հիմա լինի 130 հազար, տալիս են պատկերացրեք 4,55 միլիարդ։
Եվ ասում են, թե 37 տարի ամենաանապահով խավը ապրում է Գյումրի քաղաքում։ Ես ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչն է պատճառը, որ Գյումրիին այս ձևի մոտեցում են ցույց տալիս»,–ասաց նա։
Քաղաքապետը հայտարարեց, որ պետք է Ազգային ժողովում ձայն բարձրացնեն բյուջեի հաստատման ժամանակ և լուրջ խնդիր դնեն կառավարության առջև; «Բյուջեում երկրի վարչապետի համար նախատեսած ծախսային մասը 25 միլիարդ է, որ վարչապետը պիտի ծախսի, իսկ ամբողջ Հանրապետության 930 համայնքներին տրվող դոտացիան 25 միլիարդ չի կազմում։ Այ այս հարցերը պետք է բարձրացնեն Ազգային ժողովում, դրա համար են իրենք ընտրվել, ոչ թե ընտրվել են ինչ-որ հաշվեհարդար տեսնելու, իրենց քաղաքական դիվիդենտները կամ իրենց աթոռը պահելու»,– ասաց նա։











