Հոլանդահայերի Dear Angel կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում առաջարկում է, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնի արմատներով արցախցի, նախկին բաքվեցի, այժմ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լուսիա Մունը (Բաբայանց):

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հանրային Հեռուստատեսությունը վերջապես որոշեց Հայաստանի մասնակցության հարցը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին: Որոշումը ողջունելի է: Կարելի էր հետեւել ադրբեջանցիների օրինակին եւ ընդհանրապես չմասնակցել Բաքվում կայանալիք եւ ոչ մի միջոցառման: Սակայն մեր ինտելեկտուալ եւ հոգեւոր արժանիքները մեզ իրավունք չեն վերապահում հետեւել մեր հարեւանների օրինակին: Լավագույն «բոյկոտը» մասնակցությունն է համաեվրոպական երգի փառատոնին, այս առումով պետք է կարծել, որ մեր «Հանրայինն» անսաց հենց հանրային կարծիքը եւ ճիշտ որոշում կայացրեց:Պետք է մտածել նաեւ, որ այս որոշմանը նպաստել են  նաեւ բազմաթիվ սփյուռքահայերի ակտիվ դիրքորոշումը, ում գործունեությունը մաս է կազմում հօգուտ արտասահմանում մեր երկրի դրական վարկանիշի բարձրացման:

Առաջին քայլն արված է: Այժմ մնում է որոշել, թե ո՞վ է մեր երկիրը ներկայացնելու Բաքվում: Այս առնչությամբ հոլանդահայերն արդեն տարբեր առիթներով եւ  միջոցառումների ժամանակ հայտնել են իրենց տեսակետը: Մասնավորապես այդ մասին իրենց համակարգչային կայքերում լայնածավալ ինֆորմացիաներ են տեղադրել «Օգնություն Հայաստանի երեխաներին «Dear Angel» նիդեռլանդական կազմակերպության մամուլի բաժինը եւ Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող  SCAON  միության լրատվական էջերը:

Հայկական շատ թերթեր եւ ինֆորմացիայի միջոցներ եւս պաշտպանում են ծագումով արցախցի, նախկին բաքվեցի, ամերիկահայ երգչուհի Լուսիա Մունի թեկնածությունը: Սա  ամենեւին,  չի նշանակում, որ Հայաստանում չկան  այլ արժանի թեկնածուներ, որոնք կարող են Բաքվում լավ երգել: Բայց եւ այնպես հենց նա` ադրբեջանական ջարդերից մազապուրծ փրկված երգչուհին, իր խոսքն ունի ասելու Բաքվում, խոսք, որ առաքելություն է` բարիությամբ եւ երգով հաղթելու աշխարհը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ մամուլի հրապարակումների,  երգչուհու հայաստանյան պրոդյուսեր Դավիթ Իոնդեմի առաջարկով, Լուսիա Մունը սիրով համաձայնել է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ-2012» միջազգային մրցույթին, որը կկայանա Բաքվում: Լուսիա Մունը «Եվրատեսիլ»-ին մասնակցելու է ոչ թե «Դեր էլ Զոր» երգով, ինչպես իրենք են կարծել, այլ բոլորովին նոր՝ «Եվրատեսիլի» չափանիշերին համապատասխան, սիրային բովանդակություն ունեցող երգով եւ պատրաստվում է նախընտրական փուլում այն ներկայացնել»:

Հավելենք, որ Լուսիա Մունը (Բաբայանց) ապրում է Լոս Անջելեսում, արմատներով Լեռնային Ղարաբաղից է (Մարտակերտի շրջան)` մանկությունն ու պատանությունը անցկացրել է Բաքվում: Հայրը մասնագիտությամբ բժիշկ է, ով 1988-ի Սումգայիթի հայկական ջարդերից հետո թողնելով ամեն ինչ, ընտանիքի հետ տեղափոխվել է  Հայաստան: Հայրենիքում տեղավորվել է Էջմիածնում, մի քանի տարի անց Մոսկվա մեկնելու որոշում է ընդունել, ապա 1992-ի նոյեմբերի 16-ին՝ Լուսիայի ծննդյան օրը, նրանք փոխադրվել են Միացյալ Նահանգներ` Լոս Անջելես: