Ոչ ոք չի կարող Հայոց եկեղեցու դեմ արշավ սկսել թե Հայաստանից ներս, թե երկրից դուրս։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Նա հիշեցրեց, որ 2018–ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մեջ ներգրավված են եղել շատ եպիսկոպոսներ. «Դա պարզապես քաղաքական շարժում չէր, դա եկեղեցականների ակտիվ մասնակցությամբ է եղել։

«Եկեք չմոռանանք, որ 2018–ից հետո շատ եկեղեցականներ, այդ թվում կաթողիկոսը, քաղաքական բազում հայտարարություններ է արել։ Բագրատ Սրբազանը, երբ քաղաքական գործունեություն էր սկսել, հայտարարում էր, որ դա արվում է կաթողիկոսի բարձր հովանու ներքո։ Ինքը հավակնում էր երկրի վարչապետ դառնալու՝ լինելով հոգեւորական։  Կառավարության կողմից որեւէ քայլ չէր ձեռնարկվել։ Ուղիղ մեկ տարի եկեղեցականները ընդդիմությունից շատ ավելի ինտենսիվ մտել էին քաղաքականություն։ Կառավարությունը որեւէ քայլ չէր ձեռնարկել դա կանխելու համար։ Չէր կարելի, որ եկեղեցին մտներ քաղաքականություն, բայց մեր իշխանությունն ըմբռնումով մոտենալով մարդու իրավունքի, խոսքի ազատությանը, թողել էր եկեղեցականներին նման վարքագիծ դրսեւորել։ Հիմա դա վերագրել քաղաքական հետապնդումներին, ես չէի համաձայնի. հետապնդող լինեինք, Կիրանցից կհետապնդեինք, չէինք թողնի մեկ տարի զարգանա։

Իսկ գուցե այլ պատճառներ կան, որի համար այս ամենը տեղի է ունենում։ գուցե շատ ավելի մեծ հետեւանքներ կարող էր ունենալ այս ամեն ինչը, որի համար է այս ամենը տեղի ունենում»,–ասաց մարզպետը։

Նա նկատեց, որ հասարակության շրջանում կրոնի ամենամեծ քարոզը երկրի վարչապետն է արել. «Գուցե հենց դա է իրական կրոնի քարոզը, ոչ թե պատարագի ժամանակ քաղաքական հայտարարություններ անելը, հակաօրինական կոչեր անելը»,– ընդգծեց Առուշանյանը։