«GTB Holdings-ը ներգրավված չէ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու բանակցություններում»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց հոլդինգի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանը։
Նշենք, որ GTB Holdings-ը պատկանում է գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, որը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելուց հետո լրատվամիջոցներում շարունակում են լուրեր շրջանառվել, որ ընկերությունը գնելու է Գրիգոր Տեր-Ղազարյանը։
Ուշագրավ է, որ Թեհմինա Վարդանյանը հերքում է միայն GTB Holdings-ի մասնակցությունը ՀԷՑ-ը գնել-չգնելու բանակցություններում, իսկ ահա Գրիգոր Տեր-Ղազարյանի մասնակցությունը չի հերքում։
«GTB Holdings-ը որևէ բանակցություններում ներգրավված չէ, պաշտոնապես ասում եմ, բայց թե Գրիգոր Տեր-Ղազարյանը առանձին հանդիպումներ է ունենում, քննարկումներ է ունենում, բանակցություններ է ունենում, այդ մասով որևէ բան չեմ կարող ասել, որովհետեև այնպես չէ, որ GTB Holdings-ը Գրիգոր Տեր-Ղազարյանի միակ գործունեության ոլորտն է, չեմ բացառում»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։
Նշենք, որ Գրիգոր Տեր-Ղազարյանի անունը ՀԷՑ-ը գնելու հետ կապվեց այն բանից հետո, երբ լրագրողներն արձանագրեցին, թե նա ինչպես է հուլիսի 24-ին ցուցադրաբար այցելել ՀԷՑ։ Նա հրաժարվել էր լրագրողների հարցերին պատասխանել, թե այցի վերաբերյալ, թե ՀԷՑ-ը գնելու։




























