Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է ոչ թե վերջնագրեր ներկայացնելու, այլ միայն փոխզիջումների գնալու ճանապարհով: Չորեքշաբթի օրը` հունվարի 18-ին, նման կարծիք է հայտնել ՌԴ միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Կոսաչեւը` մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը: Տեղեկատվությունը տեղադրվել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության կայքում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտութունը հետխորհրդային տարածքում ամենաբարդերից է: Կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշման օգտին ուժեղ փաստարկներ է ներկայացնում», - նշել է պատգամավորը:

Նրա խոսքով` հակամարտության կողմերի վստահությունը եւ աջակցությունը  վայելող երկրների թիվը մեծ չէ, եւ դրանցից մեկը Ռուսաստանն է:

 «Կան երկրներ, որոնք ադրբեջանամետ կամ հայամետ դիրքորոշում ունեն: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել է այնպիսի փոխզիջման հասնելը, որը կբավարարի հակամարտող երկու կողմերին էլ: Դրա վրա են կենտրոնացած ռուսական ղեկավարության եւ դիվանագետների ջանքերը: Ակնկալվող հանդիպման իմաստը դա պետք է լինի», - ասել է Կոսաչեւը:

Քաղաքական գործչի խոսքով` առայժմ վաղ է խոսել այն մասին, թե ինչ պայմանավորվածությունների կհանգեն հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Դրանք դեռ պետք է մշակվեն, համաձայնեցվեն եւ ընդունվեն Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների կողմից», -ասել է պատգամավորը: