Ղազախստանի բնակիչը, ով տառապում է վաղաժամ ծերացման հիվանդությամբ, զգալիորեն երիտասարդացել է մի շարք վիրահատություններից հետո եւ անգամ մտադիր է ամուսնանալ:

20-ամյա Նուրժան Ուրկեշբաեւի հոր խոսքով, որդին արտաքնապես երիտասարդացել է մոտ 30 տարով: Ինքը` Նուրժանը, խոստովանել է, որ վերջապես, իրեն 20 տարեկան է զգում: Նա մտադիր է բարձրագույն կրթություն ստանալ ու ամուսնանալ, սակայն իր ընտրյալի անունը նա որոշել է գաղտնի պահել, նշել են հիվանդանոցում:

Երիտասարդի բուժումը կատարվել է մի քանի փուլով: Ձգել են նրա դեմքի, վզի, ծնոտի ու կոպի մկանները: Հաջորդ անգամ հիվանդին կհետազոտեն այս տարվա մայիսին, որպեսզի պարզեն բորժման հետագա ընթացքը:

Բժիշկների ներկայացմամբ, հյուսվածքների ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ է մի քանի ամսից մինչեւ մեկ տարի, հետեւաբար, միայն դրանից հետո կարելի կլինի տեսնել պլաստիկ վիրահատությունների վերջնական արդյունքը:

Ղազախստանում սա ծերացման հիվանդության առաջին դեպքն է: Այդ հիվանդության դեպքում օրգանիզմը շատ արագ սկսում է ծերանալ: Նուրժանի ներքին օրգանները չեն փոխվել:

Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցված է այդ հիվանդությամբ տառապող 80 մարդ: