Սոցիալական Facebook ցանցի ներկայացուցիչները հրապարակել են Ռուսաստանի այն բնակիչների անունները, ովքեր, ենթադրաբար, երկար ժամանակ Facebook-ի օգտատերերին ահաբեկած եւ իր ստեղծողներին միլիոններ բերող Koobface վիրուսի տերերն են, հաղորդում է The New York Times -ը` վկայակոչելով սոցիալական ցանցի IT մասնագետներին:
Koobface-ն օգտագործվել է որոնողական տվյալները նենգափոխելու եւ վնասաբեր ծրագրեր ներբեռնելու համար: Այդ վնասաբեր ծրագիրն ամենավտանգավորներից մեկն է սոցցանցում, որի դեմ պայքարելու համար Facebook-ի անվտանգության ծառայությունը մեծ ջանքեր է ներդրել, ինչի արդյունքում վարակի քանակը հաջողվել էր նվազեցնել:
Նշվում է, որ վիրուսի օգնությամբ չարագործները վաստակել են մոտ 2 մլն դոլար:
Ինչպես գրում է NYT-ն, Koobface-ի օգնությամբ իրականացվող գրոհին մասնակցել է Ali Baba & 4 խմբավորումը, որում ներգրավված են Սանկտ Պետերբուրգում բնակվող Անտոն Կորոչենկոն` «KrotReal» կեղծանունով, Ստանիսլավ Ավդեյկոն («leDed»), Սվյատոսլավ Պոլիշչուկը («PsViat», «PsycoMan»), Ռոման Կոտուրբախը («PoMuc») եւ Ալեքսանդր Կոլտիշեւը(«Floppy»):
«Նման գործունեության մեջ նեգրավված անձինք պետք է իմանան, որ նրանց իսկական անունները հայտնի են, եւ նրանց կարող են ձերբակալել»,-ասել է Facebook-ի անվտանգության ծառայության ղեկավար Ջո Սալիվանը:




























