Ճանապարհի բացումը որևէ կերպ կապված չէ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է միջազգային հարաբերությունների փորձագետ Գրիգոր Բալասանյանը։
Ըստ փորձագետի գնահատականի՝ Հայաստանը շարժվում է դեպի շատ վտանգավոր հանգուցալուծում, քանի որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ճանապարհների բացման հարցը փաստացի ոչ մի կապ չունի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ։ Փորձագետն ընդգծել է, որ ի սկզբանե ճանապարհների ապաշրջափակման հարցը դիտարկվել է բոլորովին այլ համատեքստում՝ առանց վերջնագրերի և լրացուցիչ պահանջների։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանը հետագայում սկսել է զուգահեռաբար առաջ քաշել նոր պայմաններ, որոնք նախատեսված չեն եղել նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարության մեջ։ Այդ պահանջների թվում նա նշել է 300 հազար ադրբեջանցիների վերադարձը, Հայաստանի կողմից 150 միլիարդ դոլարի ռեպարացիաների վճարումը, ինչպես նաև Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը։ «Բաքուն հմտորեն փոխակերպել է բանակցային գործընթացը։ Ադրբեջանը շատ խորամանկորեն նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը։ Հիմա արդեն տեսանելի է, որ միջազգային խաղացողները համաձայնության են գալիս այսպես կոչված «միջանցքի» հարցի շուրջ՝ անտեսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների բուն էությունը։ Մինչդեռ կոնֆլիկտը կարգավորված չէ», - նկատել է Բալասանյանը։
Փորձագետի կարծիքով՝ այս ամենը մեկ նպատակ ունի՝ լեգալացնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» և Հայաստանին զրկել սեփական տարածքի վրա վերահսկողությունից։ Նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գաղտնի առաջ է մղում այս թեման՝ հետևողականորեն այն դարձնելով բանակցային գործընթացի կենտրոնական տարրը։ «Բաքվի գործողությունները պլանավորված և քայլ առ քայլ բնույթ են կրում և ուղղված են Հայաստանին այնպիսի պայմաններ պարտադրելուն, որոնք նրա համար բացարձակապես անընդունելի են», - եզրափակել է Գրիգոր Բալասանյանը։











