Mozilla ընկերությունը, որի արտադրանքներից է ամենատարածված բրոուզերներից մեկը` Firefox-ը, եւս միացել է Wikipedia-ի հայտարարած գործադուլին` ի նշան բողոքի ԱՄՆ-ի ընդունած Stop Online Piracy Act (SOPA) (Օնլայն համակարգչահենության դեմ) նոր օրենքի:

Firefox բրոուզերը բացելիս հայտնվում է սեւ էկրան` բրոուզերի տարբերանշանով, ընդգծված Stop censorship (դադարեցրեք ցենզուրան) բառերով եւ հետեւյալ գրությամբ. Mozilla is joining the virtual strike against Internet censorship. Help us fight SOPA/PIPA - take action today! (Mozilla-ն միանում է համացանցի ցենզուրայի դեմ վիրտուալ գործադուլին: Օգնեք մեզ պայքարել SOPA/PIPA-ի դեմ. տեղի է ունենում այսօր):

Հղման վրա սեղմելու դեպքում օգտվողին առաջարկվում է գրանցվել եւ միանալ գործադուլին:

Օրենքի դեմ բողոքողները կարծում են, որ օրենքն իր ներկայիս տեսքով չի կանխարգելի համակարգչահենությունը: Սակայն այն լուրջ սպառնալիք է ներկայացնում սոցցանցերի եւ օգտվողների կողմից հարստացվող բովանդակությամբ կայքերի (օրինակ YouTube-ի) համար: Այն նաեւ կարող է ցնցել համացանցի հիմքում ընկած որոշ տեխնկական համակարգերը` նոր ռիսկեր ստեղծելով կիբերանվտանգության համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, հունվարի 18-ին Wikipedia-ն մեկօրյա գործադուլ է անցկացրել SOPA-ի դեմ` ի նշան բողոքի դադարեցնելով իր անգլալեզու բաժնի հասանելիությունը:  Wikipedia-ն կարծում  է, որ օրենքը վտանգի տակ է դնում ամբողջ համացանցի ապագան: