Իրանի գործող նախագահը «Զանգեզուրի միջանցքի» բացումը համարում է աննշան թեմա։ NEWS.am-ի հետ հարցազրույցում այս հայտարարությունն արել է միջազգային հարաբերությունների փորձագետ Գրիգոր Բալասանյանը։

Նա նշել է, որ Իրանում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում և այսօր երկրի քաղաքական վերնախավը բաժանված է երկու մասի։ Բարեփոխիչները՝ նախագահ Փեզեշքիանի գլխավորությամբ այդքան էլ կտրուկ չեն տրամադրված «Զանգեզուրի միջանցքի» բացման դեմ։ Ավելին, Փեզեշքիանը նախօրեին հարցազրույց է տվել և շատ սկանդալային հայտարարություն է արել՝ ասելով, որ Իրանի հյուսիսարևմտյան սահմանին երթուղիների վերականգնման հարցերը մանրուքներ են և անհանգստանալու կարիք չկա։ Այսինքն՝ Իրանի նախագահը «Զանգեզուրի միջանցքի» բացումը համարում է աննշան թեմա։ Փորձագետը նկատել է, որ հակառակ դիրքորոշումն ունեն այաթոլլայի թիմը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որոնք կտրուկ քննադատում են Փեզեշքիանին՝ մատնանշելով միջանցքի բացման և Իրանի համար կործանարար հետևանքները։

Այսպիսով, մենք այլևս չունենք միասնական իրանական դիրքորոշում այս հարցի շուրջ։ Այս համատեքստում խորհրդանշական է նաև Փեզեշքիանի այցը Շուշի՝ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո, լավ իմանալով, որ Ադրբեջանի տարածքից անընդհատ գնդակոծվում է Իրանի տարածքը։ Եթե դու գնում ես նման հանդիպման, ապա դա նշանակում է, որ դու համաձայն ես այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում քո պետության դեմ։ Ցավոք, Իրանի դիվանագիտական կորպուսը լուրջ ջանքեր չի գործադրում այս հարցում։ Դրա հետ համաձայն չեն ոչ զինվորականները, ոչ հոգևորականները»,- նշել է Բալասանյանը՝ ենթադրելով, որ Իրանում որոշակի քաղաքական ցնցումներ են սպասվում։ Քանի որ, ըստ նրանց Սահմանադրության՝ վերջնական որոշումը կայացնում է այաթոլլան և տարաձայնությունների դեպքում հնարավոր են նոր նախագահական ընտրություններ։

Փորձագետը հիշեցրել է, որ ինքը Հայաստանում առաջիններից է եղել, ով այն ժամանակվա նախագահ Էբրահիմ Ռայիսիի ինքնաթիռի կործանումը որակել է որպես սպանություն՝ հայտարարելով, որ Ռայիսիին վերացրել են, քանի որ նա կտրականապես դեմ է եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։