ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերջին 7 տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ։ Միջոցառումներն ուղղված են ապրօինի կերպով տեղական և ռուսական նավթ տեղափոխող «ստվերային նավատորմի» դեմ պայքարին։ Սև ցուցակում է հայտնվել ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձ և 50-ից ավելի նավ, որոնք մտնում են Հոսեյն Շամխանիի՝ նավթավաճառի և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդականի որդու կողմից վերահսկվող ցանցի մեջ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Շամխանին «օգտագործում է իր հոր կոռուպցիան և քաղաքական ազդեցությունը» տանկերների և կոնտեյներային նավերի հսկայական նավատորմը կառավարելու համար։ «Այս ցանցը տեղափոխում է նավթ և նավթամթերք Իրանից և Ռուսաստանից, ինչպես նաև այլ բեռներ ամբողջ աշխարհի գնորդներին և տասնյակ միլիարդավոր դոլարների շահույթ է ստանում, որը գնում է «ռեժիմի վտանգավոր գործունեությունը ֆինանսավորելու» համար», - ընդգծել են գերատեսչությունից։ Մասնավորապես, պատժամիջոքների տակ են հայտնվել Դուբայում գործող Milavous Group, Ocean Leonid Investments և Crios Shipping ընկերությունները։

Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշել է, որ Շամխանիի ընտանիքը ապօրինի ճանապարհով ստացված միջոցները ծախսում է ամբողջ աշխարհում «բացառիկ անշարժ գույք» և օտարերկրյա անձնագրեր ձեռք բերելու վրա, ինչը թույլ է տալիս սև ցուցակում ընդգրկված անձանց արտերկրում բիզնես վարելիս թաքցնել իրենց կապերը Իրանի հետ և առաջ մեղել իրենց կոռուպցիոն սխեմաները։

«Մեր նպատակն է սահմանափակել Իրանի եկամտի հիմնական աղբյուրը, ճնշում գործադրել ռեժիմի վրա, ինչպես նաև դադարեցնել միջուկային սպառնալիքը, բալիստիկ հրթիռների ծրագիրը և ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը», - ասել է ֆինանսների փոխնախարար Մայքլ Ֆոլքենդերը։

Մեկ շաբաթ առաջ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Հոսեյն Շամխանիի դեմ։ Դրա հիմքը դարձել է նրա դերը ռուսական նավթի առևտրում և «ստվերային նավատորմի» լոգիստիկայում ունեցած մասնակցությունը։ Նրա հետ միասին սահմանափակումների տակ են հայտնվել նաև դուբայական ընկերությունները՝ Admiral Group-ը և Milavous Group-ը։ «Հոսեյն Շամխանին ներգրավված է տնտեսական այն հատվածում, որը զգալի եկամուտներ է ապահովում ՌԴ կառավարության համար», - ընդգծել էր ԵՄ-ն։

Շամխանիի «Միլավուս» խումբը համակարգում է Լիբերիայի և Պանամայի դրոշներով նավարկող նավերի գործունեությունը և օրական վաճառում է մինչև 300,000 բարել նավթ՝ տարեկան ստանալով մոտ 400 միլիոն դոլար եկամուտ։