Այսօր՝ օգոստոսի 1-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան վարչական շրջանում. 100-ավոր բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում են վերանորոգել մի քանի կմ–անոց ճանապարհը, որը կապում է մի քանի գյուղեր Տաշիր քաղաքի հետ, նաև վերացնեն հսկա փոսերը, հաղորդում է Shamshayn.com–ը։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են. «1 տարուց ավելի է, չգիտես ինչու, ոչ մի աշխատանք չի կատարվում: Այն ժամանակ նույնպես բողոքի ակցիա արեցինք, փակեցինք ճանապարհը և միայն այն ժամանակվա Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին հավատալով դադարեցրինք բողոքի ակցիաները։ Հիմա մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները, մինչև խնդիրը չլուծեն»:

 Ժամանել են համայնքային ոստիկանության և պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ, որոնք համոզում են բողոքի ակցիայի մասնակիցներին, որ բացեն ճանապարհը: 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչները էլի բողոքի ակցիա էին կազմակերպել։ Այդ օրը բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր այն ժամանակ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ով բնակիչներին խոստացել էր, որ ժամանակավորապես 6-7 կմ-անոց ճանապարհը կբարեկարգեն «գրունտով», ինչի արդյունքում փոսերը կվերանան, իսկ 2025 թվականին Կառավարության օգնությամբ ճանապարհը ամբողջությամբ կվերանորոգեն։