Սպիտակ տունը Իրանին առաջարկում է ուղղակի բանակցություններ վարել` միաժամանակ նախազգուշացնելով, թե ինչ բացասական հետեւանքներ կունենա Իրանի կողմից Հորմուզի նեղուցը շրջափակելը: Այդ մասին ասվում է նախագահ Բարաք Օբամայի նամակում, որն ուղարկվել է ԻԻՀ այաթոլլահ Ալի Խամենեին:
ԱՄՆ նախագահի նամակն ստանալու մասին հայտնել է իրանական կողմը: Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալի Մոթահարին «Ֆարս» գործակալությանը տեղեկացրել է, որ Օբաման Իրանին ուղղակի բանակցություններ վարելու կոչ է արել: Նրա գնահատականով` «նամակի առաջին մասը սպառնալիքներ է պարունակում, երկրորդը` երկխոսության առաջարկ»: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հաստատել է հաղորդագրություն ստանալու լուրը եւ հայտարարել, որ Սպիտակ տան նախաձեռնության պատասխանի տարբերակները քննարկվում են, գրում է «Վզգլյադը»:
Սակայն Սպիտակ տան վարչակազմը հերքում է բանակցությունների վերսկսման տեղեկատվությունը: Սպիտակ տունը նաեւ լռում է Իրան Օբամայի կողմից պաշտոնական նամակ ուղարկելու վերաբերյալ, գրում է «Իզվեստիան»:
Վերջերս Թուրքիա կատարած իր այցի ընթացքում Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին լրագրողներին հայտնել էր, որ Սպիտակ տան հետ բանակցություններ են տարվում հանդիպման տեղի եւ ժամանակի վերաբերյալ: Հնարավոր է, դրանք տեղի կունենան Ստամբուլում, հաղորդել է նա:
Հիշեցնենք, Հորմուզի նեղուցի, որի միջոցով իրականացվում է աշխարհի նավթամատակարարման ծավալների շուրջ 40%-ը, շուրջ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ հունվարի սկզբին Իրանը հերթական անգամ սպառնացել է շրջափակել նեղուցը, եթե Եվրամիությունը իրանական նավթի ներկրման նկատմամբ էմբարգո կիրառի:




























