Թուրքիայում ԵվրոՀՀՊ-ի ռադարն Իրանի համար խնդիր չի դառնա: Այդ մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարար Աքբար Սալեհին` Թուրքիա կատարած այցի ընթացքում:

Նա հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարություններն այն մասին, որ «ռադարը կառուցվում է Իսրայելի պաշտպանության համար, մասնավորապես, Իրանի կողմից հնարավոր հրթիռային հարձակման դեպքում»: «Մենք նշանակություն չենք տալիս Քլինթոնի խոսքերին: Մենք հավատում ենք Թուրքիայի առաջնորդների խոսքերին: Չեմ կարծում, որ ռադարը մեծ խնդիր կդառնա Իրանի համար, եւ վստահ եմ, որ Թուրքիան չի դառնա գործիք սիոնիստական ռեժիմի նպատակների իրագործման համար: Մենք չէին ուզում, որ Թուրքիայում կառուցեն այդպիսի ռադար, սակայն այդ որոշումն ընդունված էր»,- ասել է Սալեհին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով միջազգային միջնորդ «վեցնյակի» հետ բանակցությունների վերսկսմանը` նախարարը նշել է, որ անձամբ քննարկել է այդ թեման ԵՄ բարձրագույն ներկայացուցչի արտաքին քաղաքականության հարցերի եւ անվտանգության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: «Նա հայտնեց, որ շահագրգիռ պետություններին ուղարկվել է նամակ հանդիպման տեղի եւ ժամանակի վերաբերյալ»,- հայտնել է նախարարը: Մինչդեռ ԵՄ բարձրագույն ներկայացուցչի արտաքին քաղաքականության հարցերի եւ անվտանգության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը դրանից մեկ օր առաջ հայտարարել է, որ հանդիպման վերաբերյալ որեւէ բանակցություն չի տարվում:  Իր հերթին Սալեհին հայտնել է, որ բանակցությունների անցկացման վայր կարող է դառնալ Ստամբուլը: