Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ Սակայն նման շփումների համար պետք է պայմաններ ստեղծվեն, ասել է Ռուսաստանի պետության ղեկավարը լրագրողների հետ զրույցում՝ Կրեմլում Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է TASS-ը։

«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ ընդհանուր առմամբ ոչինչ չունեմ դրա դեմ, դա հնարավոր է», - նշել է Պուտինը։ «Բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ։ Ցավոք, մենք դեռ շատ հեռու ենք նման պայմաններ ստեղծելուց»։

Կրեմլը բազմիցս ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը, սակայն դրա համար անհրաժեշտ է մեծ նախապատրաստական աշխատանք կատարել։ Միևնույն ժամանակ, հենց Կիևն է հիմնականում պնդում նման միջոցառման անկացումը՝ առանց հստակ օրակարգի։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել է, որ Միացյալ Նահանգները հիշատակել է Պուտինի, Զելենսկու և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև եռակողմ հանդիպման հնարավորությունը։ Սակայն Մոսկվան այս տարբերակը թողել է առանց մեկնաբանության և կոչ է արել կենտրոնանալ Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ գագաթնաժողովի վրա։