Երեւանում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտել է միջուկային ոլորտի գիտնական Ահմադի Ռոշանի սպանությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Իրանի իսլամական հանրապետության գիտական առաջընթացը խոչընդոտելու եւ միջուկային տեխնոլոգիայի զարգացումը կանխելու բռնություն դիմելը ամենատգեղ, անմարդկային եւ ստոր մեթոդներից մեկն է:

Իրանը նման ահաբեկչական գործողությունները համարում է համահունչ եւ համապատասխան` արեւմտյան հայտնի փոքրաթիվ երկրների հարուցած խոչընդոտներին եւ գործելակերպին, որոնք դեմ են գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում, այդ թվում` միջուկային ոլորտում Իրանի առաջընթացին ու զարգացմանը եւ ցանկանում են ինչպես նախկինում, պահպանել եւ շարունակել իրենց տիրապետությունը այլ ազգերի նկատմամբ:

Վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում սպանվեց Ահմադի Ռոշանը, տեղի ունեցավ այնպես, ինչպես Իրանի միջուկային ոլորտի գիտնականներ դոկտոր Ալիմոհամադիի եւ Շահրիարիի դեմ կատարված ահաբեկչական գործողությունները, եւ դրանցում բացահայտ է սիոնիստական վարչակարգի դերակատարությունը:

Անկասկած նման նողկալի, անմարդկային եւ ստոր ահաբեկչական գործողությունները ոչ միայն չեն խաթարի ինքնաբավության բարձունքների նվաճման եւ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ճանապարհին Իրանի գիտակից եւ պատվախնդիր ժողովրդի կամքը, այլեւ առավել կուժեղացնեն եւ կամրապնդեն իրանցի գիտնականների հաստատակամությունը` այդ նպատակին հասնելու համար:

Այս կապակցությամբ Իրանը կոչ է անում աշխարհի բոլոր ժողովուրդներին եւ պետական այրերին` դատապարտել այդ վայրագ գործողությունը եւ աջակցությունը հայտնել միջազգային ատյաններում այդ սոսկալի ոճրագործության հետաքննության վերաբերյալ»: