Լոնդոնի բարձր դատարանը պարտադրել է 2011թ. փակված News of the World պարբերականի սեփականատերերին փոխհատուցում վճարել 19 հայտնի անձանց` քաղաքական գործիչների, դերասանների եւ նրանց օգնականներին, ովքեր տուժող են ճանաչվել հեռախոսների գաղտնալսման գործով:
Սկանդալն արդեն ծանր է նստել Ռուպերտ Մերդոկի ընկերությանը: Նա ստիպված էր հրաժարվել բրիտանական BSkyB գնումից, տեսնել News of the World-ի փակումը, միլիոններ վճարել ներկայացված հայցերով:
Նոր որոշումը կայացվել է նախադատական լսումներում, հրատարակիչները զիջումների են գնացել, որ խուսափեն բազմաթիվ եւ ձգձգվող դատավարություններից:
Փոխհատուցում ստացողների թվում է նաեւ դերասան Ջուդ Լոուն, նրան վճարվելու է 130 հազար ֆունտ: Նրան հատկացվելիք փոխհատուցումն ամենախոշորն է. Լոուի օգնական Բեն Ջեքսոնը ստանալու է 40 հազար ֆունտ, նաեւ դատական ծախսերը: Լոուի նախկին կինը` Սեդի Ֆրոստը կարող է ստանալ 50 հազար ֆունտ:
Տուժածների շարքում են նաեւ նախկին փոխվարչապետ Ջոն Պրեսկոտը, ֆուտբոլիստ Էշլի Քոուլը, պատգամավոր Քրիս Բրայանթը:




























