«Ալիևը և Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը»: Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս երկու երկրները տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ։ Ալիևը և Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը: Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները համատեղ օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջ ներուժը: Ես շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որ նրանք ճիշտ են վարվում՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար»,-գրել է ԱՄՆ նախագահը` նշելով, որ բազում առաջնորդներ են փորձել վերջ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, սակայն միայն իրեն է հաջողվել դա անել։
Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ իր վարչակազմը բավական ժամանակ կապի մեջ է եղել երկու երկրների հետ։