Ռուսաստանի կողմից Կալինինգրադի մարզում հրթիռային համալիրներ տեղակայումը ֆինանսական ռեսուրսների զուր վատնում է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, այսօր` հունվարի 19-ին, Լիտվայում կայացած ասուլիսում: Նա նշել է, որ դա «ռազմական հզորության ավելացում է արհեստական թշնամու դեմ, որը գոյություն չունի»:

Դաշինքի ղեկավարը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական ներկայության ամրացումը երկրի արեւմուտքում` ՆԱՏՕ-ի անդամ-երկրների սահմանների մոտ, նշելով, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ որեւէ ագրեսիայի հնարավորություն չի քննարկում: «Ես կցանկանայի Ռուսաստանի խորհուրդ տալ ընդունել նոր իրողությունները: Մենք թշնամիներ չենք, մենք պետք է գործընկերներ լինենք եւ խաղաղ համագործակցությունը մեզ համար փոխշհավետ կլինի»,-հավելել է նա:

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն նույնպես հանդես է եկել ասուլիսում, հայտարարելով, որ ռուսական իշխանությունների գործողությունները բացասաբար են ազդում ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ վստահության վրա:

Լիտվայում, որը ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 2004 թվականին, անհանգստությամբ են վերաբերում Ռուսաստանի մտադրությանը` Կալինինգրադի մարզում տեղակայել զենիթային С-400 «Տրիումֆ» հրթիռներ, հաղորդում է Lenta.ru-ն: