Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հունվարի 19-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Բանգլադեշցի Համո» մականունով հայտնի 48-ամյա Աշոտ Ավետիսյանի նկատմամբ: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու` Արաբկիրի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը: Ավետիսյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ոստիկանության ծառայողները հունվարի 18-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով Երեւանի Արծրունիի փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 48-ամյա Աշոտ Ավետիսյանին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, 1981 թ. ծնված Գարիկ Նազարյանը Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջեւում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի 08 ՕՍ 888 համարանիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է «Բանգլադեշցի Համոն»: Նա իջնելով մեքենայից` սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Ն.-ին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել է վնասվածքներ:
Հիշեցնենք, որ «Բանգլադեշցի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ 2004-ի ապրիլի 5-ին, այն ժամանակ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ, «Նաիրի» կինոթատրոնի մոտ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր էր նետել Արտաշես Գեղամյանի վրա, նաեւ ջարդել դա նկարահանող լրագրողների ֆոտո եւ տեսախցիկները, նաեւ բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ: Նա մասնակցել է նաեւ «Տեցի կրուգի» հայտնի «ռազբորկային», իսկ 2010-ին մահացու ելքով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու եւ փախել:
Լուսանկարում կապույտ գլխարկով անձը Աշոտ Ավետիսյանն է, 2004թ. ապրիլի 5-ին:
Լուսանկարը` Օննիկ Գրիգորյանի




























