Հունվարի 1-ին Եվրոպայում բացվեց ֆուտբոլային տրանսֆերային պատուհանը: Հայկական ֆուտբոլում եւս գրանցվեցին մի շարք տեղափոխություններ: Ազգային հավաքականի ուժեղացման տեսանկյունից կարեւոր են Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանի տեղափոխությունը «Միкայից» Նալչիկի «Սպարտակ»: Հայ ֆուտբոլասերները ոգեւորությամբ ընդունեցին, հատկապես, Մարկոս Պիզելիի տեղափոխությունը Դոնեցկի «Մետալուրգից» Կրասնոդարի «Կուբան»: Բուլղարիայի «Չեռնոմորեցում» հանդես կգա հարձակվող Սամվել Մելքոնյանը:
Այժմ «Կուբանի» հետ Իսպանիայում է մարզվում «Փյունիկի» խաղացող Ղուկաս Պողոսյանը, սակայն պայմանագիր կնքելուն գործը դեռ չի հասել:
Հայաստանյան տեղափոխությունների վերաբերյալ կարելի է ասել, որ մեծ կորուստներ է կրում «Միկան»: Գլխավոր մարզիչ Յոզեֆ Բուբենկոյի հետ թիմը լքեցին Հրայր Մկոյանը, Սամվել Մելքոնյանը, Դոն Ֆանժուն, Հայկ Իշխանյանը, Կոնստանտին Մանդրիչենկոն, Արթուր Ալեքսանյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վահագն Մինասյանը, Նարեկ Բեգլարյանը եւ հնարավոր է Ալեքսանդր Թադեւոսյանը` հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները:
Երկրի չեմպիոն «Ուլիսը» հայտնի արգելքի ընդունումից հետո զրկվեց դարպասապահ Վլադիմիր Մալկովից: Թիմը լքել է նաեւ Ավետիք Կիրակոսյանը: Գեորգի Կրասովսկին տեղափոխվել է Իրան: «Ուլիսը» եւս մեկ մրցաշրջանով երկարաձգեց պայմանագիրը Գեւորգ Նռանյանի հետ: Թիմ է վերադարձել Նորայր Գրիգորյանը, նորեկներն են Արսեն Բալաբեկյանն ու Վահագն Մինասյանը:
Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» կխաղա բացառապես տեղի կադրերով: Ակումբը խզել է պայմանագրերը Արամ Հովսեփյանի, Խորեն Մանուչարյանի եւ դարպասապահ Կարեն Իսրայելյանի հետ: Թիմ է վերադարձել վարձավճարով «Բանանցում» հանդես եկած Արթուր Եդիգարյանը, սակայն նրանով հետաքրքրվում են մի շարք օտարերկրյա ակումբներ:
Հայաստանի ֆուտբոլիստներով է պատրաստվում զարգանալ նաեւ «Բանանցը»: Թիմից հեռացել են անցած առաջնության լավագույն ռմբարկու Բռունո Կորրեան, կիսապաշտպան Բետոն, պաշտպան Յարեմա Կավացիվը: Միակ լեգեոնականը մնում է հարձակվող Դու Բալան: Ակումբը պահպանել է մյուս խաղացողներին եւ մարզումներին ընդգրկել է նաեւ մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների դուստր թիմից:
Կազմի հետ որոշակի խնդիրներ ունի «Գանձասարը», որը կորցրել է Վլադիմիր Մատիչին, Լեանդրո Պինտուին եւ Նորայր Գրիգորյանին: Առայժմ հստակ չէ Արթուր Քոչարյանի հարցը: Նա մարզվում է թիմից դուրս: «Գանձասարը» նաեւ բանակցում է մի քանի օտարերկրացի ֆուտբոլիստների հետ:
Գյումրիի «Շիրակը», պահպանելով կազմը, պայմանագրեր է կնքել դարպասապահ Արթուր Հարությունյանի եւ պաշտպան Հովհաննես Գրիգորյանի հետ: Սակայն դրանով սելեկցիան թիմում չի սահմանափակվի: Փորձաշրջան կանցնեն նաեւ դրսից հրավիրված մի շարք ֆուտբոլիստներ:
Դիլիջանի «Իմպուլսը» կորցրել է երկու ֆուտբոլիստների: Զավեն Բադոյանը տեղափոխվեց Բելառուսի ԲԱՏԷ, իսկ Հայկ Չիլինգարյանը` Լեհաստանի ՕՍԿ: «Իմպուլսը» պայմանագիր է կնքել Կոնստանտին Մանդրիչենկոյի եւ Հայկ Իշխանյանի հետ: Բացառված չէ Ջուլիան Խիմենեսը հեռանալը:
Առայժմ միայն կորուստներ ունի «Արարատը», որի կազմը լքել են Կարեն Ավոյանը, Կարեն Զաքարյանը եւ Արա Հովհաննիսյանը:
Պատրաստեց Խաչիկ Չախոյանը




























